Բավ է պառակտվել
14-10-2017 13:04

Երևանը վստահ ու հպարտ կանգնում է աշխարհի առաջ՝ ամրապնդելով իր տեղն ու դերը. քաղաքապետ

 

Այսօր «Սիրո քաղաք» կարգախոսով աշխարհի ողջ հայությունն է տոնում համայն հայության մայրաքաղաքի ծննդյան տարեդարձը՝ անխոս հպարտությամբ, որ մեր հինավուրց, բայց միշտ երիտասարդ մայրաքաղաքը բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ տարեցտարի ավելի վստահ ու հպարտ է ներկայանում աշխարհին՝ ամրապնդելով իր տեղն ու դերը կայուն զարգացող մայրաքաղաքների շարքում:
Այս մասին ասված է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության կողմից տարածված, մայրաքաղաքի տոնի առթիվ քաղաքապետ Տարոն Մարգարյանի տոնական ուղերձում:
«Քաղաքամայր Երևանն այսօր դառնում է 2799 տարեկան, ինչի առթիվ շնորհավորում եմ մեզ բոլորիս:Երևանն աշխարհում այսօր ճանաչելի է որպես անվտանգ, հարմարավետ, համաչափ զարգացող, ջերմ ու բարի, հյուրընկալ քաղաք»,- նշել է Մարգարյանը:
Նրա խոսքերով դա փաստ է, որն իրենց մասնագիտական գնահատականներով ամրագրել են միջազգային հեղինակավոր մի շարք կազմակերպություններ՝ այդպիսով գնահատելով նաև մեզ՝ Երևանի բնակիչներիս, քանի որ Երևանի յուրաքանչյուր ձեռքբերումը մեր համատեղ ու հետևողական աշխատանքի, քաղաքի հանդեպ ունեցած յուրաքանչյուրիս անմնացորդ նվիրումի և սրտացավ վերաբերմունքի արդյունքն է:
«Երևանցին միշտ եղել ու մնում է քաղաքամայր Երևանի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր ծրագրի ու նախաձեռնության մշտական մասնակիցը: Վստահությամբ, համառ աշխատանքով և հարազատ քաղաքը սիրելու բացառիկ կարողությամբ մեզանից յուրաքանչյուրն անում է առավելագույնը, որ համայն հայության մայրաքաղաք այցելող յուրաքանչյուր ոք տեսնի՛, լսի՛, զգա՛ ու սիրի՛ Երևանը»,- ընդգծել է քաղաքապետը:
Նա խոստովանել է, որ փոխվում են ժամանակներն ու սերունդները, բայց Երևանի հանդեպ տածած սերն ու ջերմությունը շարունակում են մնալ իբրև անդավաճան արժեքներ, որոնք ոչ ոք և երբեք չի կարողանա փոխել:
« Ես համոզված եմ, որ այսուհետ ևս, ամենքս մեր տեղում, մեր հնարավորությունների, կարողությունների և հմտությունների սահմաններում կշարունակենք հանուն Երևանի անել առավելագույնը՝ մեր սիրելի մայրաքաղաքն ավելի բարեկարգ, հարմարավետ ու ավելի լավը դարձնելու և հաջորդող սերունդներին այն արժանապատվորեն փոխանցելու համար,- նշել է Մարգարյանը:
Նա կոչ է արել բոլորին միասին և սրտանց տոնել «Էրեբունի-Երևան»-ի 2799-ամյակը, և սիրո քաղաք Երևանին մաղթել է հազարամյակների շարունակական երթ: Շնորհավո՛ր տոնդ, Երևան: