Բավ է պառակտվել
17-04-2019 15:14

Աղբակույտերի վերածված քաղաք (լուսանկարներ) - Հեղինակային նյութ

   

«Ավան 14-րդ փողոց, աղբը ողջունում է «հպարտ» քաղաքապետին ու էն ընտրություններին մասնակցած 81 տոկոս երևանցիներին: Ապրեք ձեր ընտրության համար, մեզ նվիրեցիք աղբահեն քաղաքային իշխանություններ, իսկ Կարգին Հայկոն մահվան վերելակներին ու մահվան գազելներին ավելացրեց մահվան աղբակույտերը: Սենց որ շարունակվի, մայրաքաղաքում սկսվելու է խոլերայի ու առնետներից փոխանցվող այլ հիվանդությունների համաճարակ>>: Այս գրառումը տեղ էր գտել քաղաքագետ Նարեկ Սամսոնյանի ՖԲ-յան էջում: Նմանօրինակ ու նույնաբովանդակ գրառումների պակաս համացանցը չի զգում: ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ աղբով լի նկարներ էր տեղադրել ու ստեղծված իրավիճակը որակել <<աղբավանդալիզմ»:
Աղբահանություն թեման կարծես հավերժական թեմա լինի Երևանում: Իշխանափոխություն էլ եղավ, սակայն աղբը այդպես չմաքրվեց Երևան քաղաքից: Այսօր չկա որևէ վարչական շրջան, որտեղ մաքուր լինի, աղբամաններն էլ դատարկված:
«Առավոտյան լույսը բացվում է, ու արևի առաջին շողերից հետո գարշահոտությունը տարածվում է ամենուրեք, ու սա այն դեպքում ,երբ դիմացը ամառային ջերմ ու տաք օրեր են մեզ սպասվում», ասում են մեր համաքաղաքացիները:
Երևանում սանմաքրման հիմնական պատասխանատուն լիբանանյան «Սանիթեք» ընկերությունն է: Այսօր ընկերությունը փաստացի չի կատարում պայմանագրային պարտավորությունները: Սանիթեք ընկերության ներկայացուցիչ Արա Կարապետյանը քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է, որ իրենք հնարավորինս ամեն ինչ անում են նման իրավիճակից դուրս գալու համար: Սակայն քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ընդգծել է, որ հասարակությանը աղբահանության վատ վիճակի մասին տեղեկացնելու կամ զգուշացնելու փոխարեն ընկերությունը պետք է կատարի պայմանագրից բխող պարտավորությունները:
«Երբ ընկերությունը եկել է Երևան աղբահանություն կազմակերպելու համար, ինքը ամեն ինչ տեսել է և սկսել է աշխատանքներն ըստ պայմանագրի: Ձեր որոշումն էր՝ մտնել այդ գործի մեջ, թե՝ ոչ: Որոշել եք գործառույթն իրականացնել՝ իրականացրեք: Եթե ինչ-որ ընդհատակյա պայմանավորվածություններ են եղել նախկին իշխանությունների հետ, դա ձեր խնդիրն է, մեր խնդիրը չէ: Ոչ Երևանը, ոչ բնակչությունը, ոչ էլ ներկա իշխանությունը ընդհանրապես կապ չունեն այդ պայմանավորվածությունների հետ: Եվ մեզ համար կա մի պայմանավորվածություն, դա պայմանագիրն է և այդ պայմանագրի ներքո մենք պետք է աշխատենք: Քաղաքապետարանը պայմանագրով նախատեսված բոլոր իր պարտականությունները կատարում է, դեռ ավելին»,- ընդգծել է քաղաքապետը:
Եթե ընկերությունը չի կատարում իր պարտավորությունները ապա,քաղաքապետրանը իրավասու է տուգանել ընկերությանը: Արդեն պարզ դարձավ, որ թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի:
Նշենք, որ «Սանիթեք» ընկերությունը տույժերի ենթարկվել է մի քանի անգամ, բայց դրանից հետո էլ չի բարձրացել նրանց աշխատանքի որակը:

 

Հեղինակ՝ Արմինե Գևորգյան