Բավ է պառակտվել
13-07-2018 21:53

Երևանն իր 2800-ամյակը կարող է տոնել առանց քաղաքապետի

Չի բացառվում, որ Երևանն իր 2800-ամյակը տոնի առանց քաղաքապետի. Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական է ներկայացրել: Երեկ էլ Երևանի ավագանին որոշեց քաղաքապետի նոր ընտրություններն անցկացնել հուլիսի 16-ին: Միայն թե ավագանու ՀՀԿ խմբակցությունը, որ մեծամասնություն է, կարծես թե հակված չէ այդ օրը քաղաքապետ ընտրելու:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը չբացառեց, որ ՀՀԿ-ն քաղաքապետի թեկնածու չի առաջադրի: Ու հիմա ՀՀԿ-ականները ցանկանում են ստեղծել մի իրավիճակ, որի արդյունքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրենսդրությամբ սահմանված կարգով կրճատի ավագանու լիազորու­թյունները՝ լուծարելով այն:

Թերթի տեղեկություններով՝ չի բացառվում, որ Փաշինյանն ավագանին լուծարի ոչ թե անմիջապես քաղաքապետ չընտրելուց հետո, այլ այն հաշվարկով, որ և´ ԱԺ, և´ ավագանու ար­տահերթ ընտրություններն անցկացվեն միևնույն օրը. օրենսդրությունը այդ ամենի հնարավորությունն ընձեռում է՝ ավագանու լուծարման համար կառավարության առաջ չսահմանելով ժամկետներ, չնայած ՀՀԿ-ականներն ի սկզբանե այլ հաշվարկներ են ունեցել։