Բավ է պառակտվել
06-03-2020 13:38

Երևանի քաղաքապետարանը պատմել է մայրաքաղաքում անապաստան շների խնդրի լուծմանն ուղղված քայլերի մասին

Մայրաքաղաքի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ, քայլեր են ձեռնարկվում «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի ռեսուրսների և կարողությունների ավելացման ուղղությամբ. մասնավորապես, համալրվում է կազմակերպության մասնագիտական անձնակազմը և աշխատանքի մեթոդաբանությունը:

Նա նշել է, որ կենդանիներին որսալու համար, ցանցերից բացի, կօգտագործվեն նաև հատուկ հրացաններ, որոնց օգնությամբ կենդանիները հեռահար կանզգայացվեն և կտեղափոխվեն կլինիկա՝ ստերջացման և պատվաստման,
“Մոտակա շաբաթներին շահագործման կհանձնվի Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՀՈԱԿ-ի նորակառույց կլինիկային կից կառուցվող ժամանակավոր կացարաններ, որտեղ կենդանիները կպահվեն՝ մինչև ստերջացման և պատվաստման գործողությունները”,- գրել է Կարապետյանը

Միաժամանակ նա ընդգծել է, որ քաղաքային իշխանության համար մարդկանց անվտանգությունն առաջնային նպատակ է, միևնույն ժամանակ, խնդիրը պետք է լուծել հումանիստական մեթոդներով՝ գործող օրեսնդրության սահմաններում:

Վերջին ժամանակներս Երևանում և Հայաստանի մնացած շրջաններում սրվել են անապաստան շների հետ կապված խնդիրները։ Արձանագրվել են մարդկանց վրա հարձակման դեպքեր։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ զբաղվում են այդ խնդրով։