Բավ է պառակտվել
06-04-2022 11:21

Երևանյան լճի տարածքը կվերածվի հանգստյան հարմարավետ գոտու

Մեկնարկել են Երևանյան լճի և հարակից տարածքի մաքրման աշխատանքներն՝ այն հանգստի հարմարավետ գոտու վերածելու նպատակով: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ծանոթացել է տարվող աշխատանքներին, տեղեկացվում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։

Տարածքի մաքրման աշխատանքների համար մայրաքաղաքի 2022թ. բյուջեից հատկացվել է 60 մլն 430 հազար դրամ (շուրջ 125հազ․ դոլար): Այդ միջոցներով նախատեսվում է Հրազդան գետի վրա ճաղավանդակի տեղադրում, աղբաորսիչ միջոցառումների կազմակերպում և շուրջ 12500 խմ թափոնների հավաքում ու տեղափոխում:

Քաղաքապետին տեղեկացրել են, որ լճի աղտոտվածության հիմնական պատճառը կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբն է, որը կուտակվում է լճի տարածքում՝ բնակիչների անբարեխիղճ պահվածքի հետևանքով:

Երևանյան լճի մաքրմանը զուգահեռ քննարկվում է տարածքում հանգստի գոտի ստեղծելու հնարավորությունը: Մասնավորապես, նախատեսվում է բարեկարգել լճի ափամերձ տարածքի 2.8 հա հատվածը, տեղադրել նստարաններ, աղբամաններ, կառուցել մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի,էներգախնայող լուսատուներ, իրականացնել կանաչապատման աշխատանքներ: