Բավ է պառակտվել
11-02-2022 16:40

Հարցում․ երևանցիները նշել են քաղաքի գլխավոր խնդիրը

Երևանցիների կարծիքով, այսօր Երևանի առջև ծառացած գլխավոր խնդիրը հասարակական տրանսպորտն է։ Այս մասին են վկայում «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանի ներկայացրած հարցման տվյալները։

Մայրաքաղաքի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից քաղաքացիները նշել են հասարակական տրանսպորտը (35.8%), աղբը (22.9%), գնաճը (17.6%), գործազրկությունը (11%), էկոլոգիան (9%), կանաչ տարածքների բացակայությունը (7.2%) և այլն:

Քաղաքի բնակիչները կարծում են, որ անհրաժեշտ են ավելի շատ ավտոբուսներ (64.2%), երթուղայիններ (14.2%), տրոլեյբուսներ (10.7%), տրամվայներ (6.7%), իսկ 23.1%-ը կարծում է, որ անհրաժեշտ է զարգացնել մետրոն։

Վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքի փոփոխություններն ամբողջությամբ դրական է գնահատել հարցվածների 12.3%-ը, ավելի շուտ դրական՝ 45.8%-ը, ավելի շուտ բացասական՝ 20.6%-ն , իսկ հարցվածների 12%-ը լիովին բացասական է գնահատել փոփոխությունները։

Հարցվածներին խնդրել են նաև թվարկել քաղաքապետարանի կողմից իրականացված դրական փոփոխությունները։ Նրանք նշել են աղբահանության կազմակերպումը (39.5%), նոր ավտոբուսները և երթուղիները (35.3%), հին վերելակների փոխարինումը (12%), այգիների բարեկարգումը (8.7%) և կանաչ տարածքների ավելացումը (6.5%):

Հարցին, թե քաղաքացիներն ինչ միջոցառումներ կցանկանային, որպեսզի քաղաքապետարանը իրականացներ, նշվել են կանաչ տարածքների ընդլայնումը (18.5%), քաղաքի մաքրումը և շաբաթօրյակների անցկացումը(16%), մշակութային ծրագրերը (14.2%), մանկական միջոցառումները (9.7%), խաղահրապարակների կառուցումը (8,4%), մարզական (6%), ինչպես նաև երիտասարդական (5,7%) միջոցառումների կազմակերպումը:

Երևանցիները կարծում են, որ Երևանում զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ է ավելացնել կանաչ տարածքները (11.6%), պահպանել հին շինությունները (8.9%), պահպանել քաղաքի մաքրությունը (8.1%), բացառել զբոսաշրջիկների համար արհեստական թանկացումները (7.7%) և հին Երևանի վերականգնումը (7.2%):

Քաղաքի ընդհանուր արտաքին տեսքը ավելի դրական է գնահատել հարցվածների ճնշող մեծամասնությունը (50.9%), ևս 16.2%-ը լիովին գոհ է մայրաքաղաքի արտաքին տեսքից։

Հարցումն անցկացվել է Երևանում հունվարի 24-ից փետրվարի 2-ը, 800 քաղաքացու շրջանում։