Բավ է պառակտվել
09-07-2021 09:48

ԵՄ-ն առաջարկել է Ռուսաստանին քննարկել COVID վկայագրերի փոխադարձ ճանաչման հնարավորությունը

Եվրամիությունը դիմել է Ռուսաստանի առողջապահության նախարարությանն՝ առաջարկելով քննարկել COVID վկայագրերի փոխադարձ ճանաչման հնարավորությունը, որտեղ նշվում է պատվաստումների, նախկինում հիվանդացած լինելու կամ PCR թեստերի արդյունքների մասին տեղեկատվությունը: Կրեմլը ԵՄ առաջարկը «շատ ուշագրավ և շատ դրական» է անվանել։

Եվրամիությունը Ռուսաստանին հրավիրել է քննարկել COVID վկայագրերի փոխադարձ ճանաչման հնարավորությունն, ասել է Մոսկվայում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերը: Տեղեկությունը հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Հարկավոր է որոշակի լուծումներ մշակել, մասնավորապես մեր հավաստագրերի համարժեքության վերաբերյալ: <...> Մենք նամակ ենք հղել Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարությանն` առաջարկելով քննարկում անցկացնել այն մասին, թե արդյոք Ռուսաստանը կցանկանա մասնակցել համարժեքության ճանաչման գործընթացին», - ասել է Էդերերը:

Նա հիշեցրել է որ Եվրամիությունն ունի թվային COVID սերտիֆիկատներ, որոնք ներդրվել են ԵՄ երկրների միջև ազատ տեղաշարժվելու համար: Միևնույն ժամանակ, նորմատիվ-իրավական դաշտը թույլ է տալիս, որ դաշինքի տարածքում կարող են ճանաչվել նաև երրորդ երկրներում տրված վկայականները, պարզաբանել է Էդերերը, հավելելով, որ եվրոպական վկայականները պարունակում են տվյալներ պատվաստումների, հիվանդացած լինելու և COVID-19- ի թեստերի արդյունքների վերաբերյալ:

«Ըստ այդմ, օգտակար կլինի, եթե մենք կարողանանք համարժեքություն հաստատել ռուսական սերտիֆիկատների հետ: Այդ նպատակով օգտակար կարող են լինել Եվրասիական տնտեսական միության վկայականները: Այդ պատճառով ենք մենք դիմել Առողջապահության նախարարությանը նման քննարկում անցկացնելու առաջարկով. հաջողության դեպքում կարող ենք մեղմել այն խնդիրները, որոնց բախվում են ռուս ճանապարհորդները», - եզրափակել է դեսպանը:

Իր հերթին, Կրեմլը հայտարարել է, որ Էդերերի առաջարկը «շատ ուշագրավ է և շատ դրական». այսպես է մեկնաբանել այն նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ինչ վերաբերում է հավաստագրերի փոխադարձ ճանաչմանը և այլն, սա մի բան է, որն, իհարկե, քննարկման կարիք ունի: Կովիդային ցանկացած խտրականություն փաստաթղթային տարբերությունների պատճառով, հավանաբար, անընդունելի կլինի ցանկացած ժողովրդավարական հասարակության համար», - ասել է նա:

Ավելի վաղ՝ հինգշաբթի, եվրոպական հարցերով Ֆրանսիայի պետքարտուղար Կլեման Բոնը հորդորել էր ԵՄ երկրներին թույլ չտալ մուտք գործել իրենց տարածք այն դեղամիջոցներով պատվաստումների վկայագրերի հիման վրա, որոնք հաստատված չեն եվրոպական կարգավորիչի կողմից: «Անհրաժեշտ է, որ այն դեղերի ցանկը, որոնցով պատվաստված մարդիկ իրավունք կունենան մուտք գործել տարածք, սահմանափակվի միայն այն պատվաստանյութերով, որոնց արդյունավետության մեջ մենք վստահ ենք: Ինչ վերաբերում է մի շարք այլ պատվաստանյութերի, մասնավորապես՝ Ռուսաստանի և Չինաստանի, Ֆրանսիան ասում է իր գործընկերներին. «Ուշադիր եղեք, ասեք «ոչ» այս պատվաստանյութերին», - ասել է Բոնը (մեջբերումն ըստ «Կոմերսանտ»-ի):

Պեսկովը, մեկնաբանելով նրա հայտարարությունը, նշել է, որ «կարող են լինել տարբեր դիրքորոշումներ»: «Հասկանալի է, որ մինչ այժմ Եվրոպական գործակալությունը չի ճանաչել մեր Sputnik- ը, աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են: Բայց մենք համոզված ենք, որ եթե մի կողմ դնենք ցանկացած նախապաշարում` լինեն դրանք քաղաքական, արհեստական կամ լոբբիստական, ապա այս կամ այն կերպ մեր այս քրտնաջան աշխատանքը հաջողությամբ կավարտվի, և ռուսական պատվաստանյութը կճանաչվի», - ասել է նա:

Ներկայումս Եվրամիությունը հաստատել է COVID-19- ի դեմ չորս պատվաստանյութ, որոնք արտադել են Pfizer և BioNTech, AstraZeneca, Moderna և Johnson & Johnson ընկերությունները։ «Sputnik V» ռուսական պատվաստանյութը դեռևս եվրոպական կարգավորիչի կողմից ստուգման փուլում է: