Բավ է պառակտվել
29-04-2021 11:49

ԵՄ-ն կոչ է արել անհապաղ վերադարձնել բոլոր գերիներին

Եվրամիությունը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի վերջին հակամարտությունից հետո պահվող գերիների վերաբերյալ հայտարարությամբ։

Կազմակերպության նախարարների կոմիտեի ապրիլի 28-ի հանդիպման ավարտի արդյունքներով հարպարակված հայտարարությունում Եվրամիությունը ողջունում է հրադադարի ռեժիմի ամրապնդումը, որը հաջորդել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի միջև հրադադարի համաձայնությանը։ Դրական է գնահատվում նաև զոհվածների աճյունների վերադարձի իրականացումը և մարդասիրական աջակցության տրամադրումը բնակչության այն հատվածին, որոնք խիստ տուժել են հակամարտության հետևանքով:

Միաժամանակ, ԵՄ-ն կրկին ընդգծում է, որ նոր ջանքեր են անհրաժեշտ երկու երկրների միջև վստահության կառուցման և կայուն խաղաղության հարցում առաջընթաց գրանցելու համար: «Սա նշանակում է, որ պետք է զերծ մնալ թշնամական ու վիրավորական հռետորաբանությունից, հնարավորինս շուտ ավարտին հասցնել բոլոր ռազմագերիներին ու կալանավորված անձանց՝ անկախ նրանց ձերբակալման պայմաններից, վերադարձի գործընթացը, ինչպես նաև համագործակցել այլ կարևոր հարցերի շուրջ, ինչպիսին է ականազերծումը»,–ասված է հայտարարության մեջ: Եվրամիությունը նաև կոչ է անում Ադրբեջանին տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից պահանջվող մնացած տեղեկությունները (Հայաստանի անունից Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ ներկայացված դիմումների համաձայն – խմբ․)։

«Այս համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանից Նախարարների կոմիտեին վերջերս ծանուցումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած զինված հակամարտության նկատմամբ Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնում նշված ժամանակավոր միջոցառումների վերաբերյալ, մենք շեշտում ենք, որ Դատարանի նախադեպային իրավունքը հստակ սահմանում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավոր են կատարել ժամանակավոր միջոցները, եւ մենք կոչ ենք անում Ադրբեջանին տրամադրել դատարանի կողմից պահանջվող մնացած տեղեկությունները»,- հիշեցնում է Եվրամիությունը։

Հայտարարությանը միացել են Հայաստանը, Ալբանիան, Անդորան, Բոսնիա և Հերցոգովինան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Չերնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիա Հանրապետությունը, Նորվեգիան և Սան-Մարինոն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԻԵԴ-ը որոշել է ծանուցել Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեին Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարման մասին։ եվրադատարանում նշել են, որ Ադրբեջանի կառավարությունը բազմիցս խախտել է սահմանված ժամկետները և չի ներկայացրել ամբողջական տեղեկատվություն գերիների վերաբերյալ։