Ըստ Եվրամիության կլիմայի մոնիտորինգի Copernicus (C3S) ծառայության զեկույցի՝ 2024 թվականը կդառնա դիտարկումների պատմության մեջ ամենատաք տարին, և անոմալ բարձր ջերմաստիճանները, կանխատեսումների համաձայն, կպահպանվեն առնվազն մինչև 2025 թվականի առաջին ամիսները: Այս մասին հայտնում է Reuters-ը։
2024 թվականի հունվարից նոյեմբեր հավաքված տվյալները ցույց են տալիս, որ այս տարին առաջին անգամ միջին գլոբալ ջերմաստիճանը գերազանցել է մինչինդուստրիալ ժամանակաշրջանի (1850-1900 թթ.) մակարդակը 1.5°C-ով։ Նախկինում ամենատաք տարին համարվում էր 2023-ը։
Հետազոտողները նշում են, որ 2024 թվականը բնութագրվում էր աշխարհով մեկ տեղի ունեցած ծայրահեղ եղանակային երևույթներով․
- ուժեղ երաշտներ էին նկատվում Իտալիայում և Հարավային Ամերիկայում,
- ավերիչ ջրհեղեղներ էին տեղի ունեցել Նեպալում, Սուդանում և Եվրոպայում,
- Մեքսիկայում, Մալիում և Սաուդյան Արաբիայում անոմալ շոգը հազարավոր զոհերի պատճառ էր դարձել,
- ԱՄՆ-ը և Ֆիլիպինները տուժել էին հզոր ցիկլոններից։
Գիտնականները շեշտում են, որ այս երևույթները անմիջականորեն կապված են մարդու գործունեությամբ պայմանավորված կլիմայի փոփոխության հետ։ Հիմնական պատճառը մնում է հանածո վառելիքի այրումից արտանետվող ածխաթթու գազը։ Չնայած բազմաթիվ երկրների պարտավորություններին՝ նվազեցնել արտանետումները, 2024 թվականին գլոբալ CO₂-ի արտանետումները հասել են նոր ռեկորդային մակարդակի։
C3S-ի մասնագետները նշում են, որ արտանետումների զրոյացման դեպքում հնարավոր է դանդաղեցնել իրավիճակի վատթարացումը, սակայն ներկայիս միջոցառումները բավարար չեն։
Փորձագետները նաև հետևում են 2025 թվականին Լա Նինյա կլիմայական երևույթի զարգացման հնարավորությանը, որը կարող է ժամանակավորապես նվազեցնել օվկիանոսների ջերմաստիճանը։ Այնուամենայնիվ, ինչպես ընդգծել է Լոնդոնի Իմպերիալ քոլեջի կլիմայագետ Ֆրիդերիկե Օտտոն, նույնիսկ եթե 2025 թվականը լինի մի փոքր ավելի սառը, գլոբալ տաքացման միտումը կմնա անփոփոխ։