Բավ է պառակտվել
31-08-2019 11:41

Եվս մեկ օջախ․ Արմավիրի մարզում արձանագրվել է սիբիրյան խոցի դեպք

Հայաստանի Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակիչների մոտ ախտորոշվել է սիբիրյան խոց, տեղեկացրել է հանրապետության առողջապահության նախարարությունը։

Ըստ գերատեսչության տեղեկատվության, “Նորք” ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի 2 բնակիչ՝ ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով (սիբիրյան խոցի մաշկային ձև): Հիվանդները նշել են, որ մի քանի օր առաջ մասնակցել են համագյուղացու անկած կովի մսեղիքի կտրատման և մշակման աշխատանքներին:
Պատճառահետևանքային կապը բացահայտելու նպատակով Գետաշեն են մեկնել առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները:
Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է ևս 6 հոգի, որոնց մոտ եղել են սիբիրյան խոց հիվանդության ախտանշաններ: Բոլորն ուղեգրվել են “Նորք” ինֆեկցիոն հիվանդանոց՝ կլինիկական վիճակի գնահատման նպատակով: Հինգ քաղաքացուց վերցրած նմուշների հետազոտությունը հաստատել է սիբիրյան խոցի հարուցչի ԴՆԹ-ի առկայությունը։
Համայնքը վերցվել է բժիշկների հսկողության տակ, տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ձեռնարկվում են աշխատանքներ հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով:
Ավելի վաղ տեղեկացվել էր սիբիրյան խոցի բռնկման մասին Գեղարքունիքի Գեղահովիտ համայնքում․հիվանդությունն ախտորոշվել էր տեղի ութ բնակչի մոտ, պարզվել էր վարակի աղբյուրը։