Բավ է պառակտվել
17-08-2021 10:16

Եվս մեկ երկրաշարժ հայ-վրացական սահմանին

Երեքշաբթի Հայաստանի Սեյսմիկ ծառայությունը գրանցել է ևս մեկ երկրաշարժ, այս անգամ էպիկենտրոնում 4 բալ ուժգնությամբ։

«Օգոստոսի 17-ին, տեղական ժամանակով ժամը 09:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:43-ին ) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ»,-տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից։

Ստորգետնյա ցնցումը զգացվել է ՀՀ Շիրակի մարզի Բավրա, Ղազանչի 2-3 բալ, և Լոռու մարզի Մեծավան գյուղերում` 2 բալ ուժգնությամբ:

Կիրակի գիշերը և երկուշաբթի առավոտյան նույն շրջանում եղել է 4-ից 6 բալ ուժգնությամբ մի քանի երկրաշարժ, որոնց հետևել է շուրջ 70 հետցնցում։

Հայաստանի ԱԻՆ-ում պարզաբանում են, որ տեղի է ունենում օջախային գոտու լիցքաթափում։ «Ջավախքի խզվածքային գոտին մշտապես ակտիվ է։ Հաճախ են երկրաշարժեր գրանցվում»,- նշվում է նախոօրեին տարածված հաղորդագրությունում։