Բավ է պառակտվել
18-06-2020 11:45

«Փախնող մարդ լինեի՝ նման կենսագրություն երբեք չէի ունենա»․Ռոբերտ Քոչարյան

Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր անդրադարձավ իր և իր ազատության համար երաշխավորություն ներկայացրած ՀՀ նախկին վարչապետների հարաբերություններին։
«Իմ և նախկին վարչապետների միջև տասնամյակների հարաբերություններ են ձևավորված և դրանք պահպանվել են մինչև իմ կալանքը։ Ընդհանրապես, նախագահ լինելու հանգամանքը պատասխանատվության ծանր բեռ է կյանքիդ համար, քանի որ մշտապես գտնվում ես հանրության ուշադրության կենտրոնում, նրանց խոշորացույցի տակ: Ինձ համար մեծ պատասխանատվություն է, թե ինչ վարքագիծ կդրսևորեմ, և ինչպիսի հանրային արձագանք դա կունենա: Ինձ համար տհաճ է, որ ես պետք է այդ հանգամանքի կարևորությունը բացատրեմ»,- ասաց Քոչարյանը:
Նրա խոսքով` ինչպես իր կողմանկիցների, այնպես էլ ոչ կողմնակիցների մոտ ձևավորված կարծիք կա, որ ինքն իր խոսքի տերն է։
«Սա մի բրենդ է, որը ձևավորվել է իմ անվան շուրջ, սա ինձ համար մեծ արժեք ունեցող բրենդ է։ Իմ անցյալը զսպում է իմ ընտանիքին, որ թիթիզություն չանեն, սխալ թույլ չտան»,-ասաց Քոչարյանը։ Վերջինիս համար զարմանալի է թվում դատախազության դիրքորոշումը, այն որ Քոչարյանը բարձր պաշտոն է զբաղեցրել, ուստի կարող է ճնշել մարդկանց և խուսափել դատաքննությունից ու լքել Հայաստանը։
«Փախնող մարդ լինեի՝ նման կենսագրություն երբեք չէի ունենա»,–ասաց Քոչարյանը։
Վերջինս նշեց, որ չնայած այսօրվա իշխանությունն իր նկատմամբ առանձնապես համակրանք չեն տածում, սակայն այդ դեպքում էլ իր համար հասկանալի չէ, որ կարող է փախչել քննությունից։
Նշենք, որ Քոչարյանը նախորդ դատական նիստին ներկա չէրառողջական վիճակից ելնելով. նա բուժում է ստանում «Իզմիրլյան» ԲԿ–ում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ` մայիսի 8-ին, Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստում ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել։ Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանը որոշում կայացրեց մերժել Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը։

 

 

 

Արմինե Գևորգյան