Բավ է պառակտվել
06-12-2019 20:15

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն՝ օդ է․ Արմեն Աշոտյան

Թեև Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը տեղեկատվական ռումբի էֆֆեկտ ունեցավ քաղաքական, հասարակական և տեղեկատվական շրջանակների համար, սակայն այն ոչ մի կերպ բացասապես չի կարող ազդել Հանրապետական կուսակցության ներքին և արտաքին գործունեության վրա, ՀՀԿ գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Աշոտյանի խոսքով՝ պատահական չէ, որ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը տեղեկատվական ռումբի էֆեկտ ունեցավ քաղաքական, հասարակական և տեղեկատվական շրջանակների համար.
«Ավելին՝ Սարգսյանի հանդեպ հարուցված գործը և մեղադրանքն արագացնում են հականիկոլական կոնսոլիդացիայի գործընթացները: Սա հետևանք է, որի ականատեսը մենք լինում ենք այս վերջին երեք օրերի ընթացքում, և այստեղ իրոք պետք է ասել՝ շնորհակալություն քեզ, Փաշինյան Նիկոլ: Քանի որ այսօրվա իշխանությունը հաշվել չգիտի, երկարաժամկետ պլանավորում անել չի կարող, առաջնորդվում է բացառապես օրվա տեղեկատվական ռումբի գերակայությամբ: Եթե շարունակեն քաղաքական այլ առաջնորդների հետապնդման այդպիսի «օդ» եղանակները, հավաստիացնում եմ, որ նրանք կբախվեն այնպիսի քաղաքական հետևանքների, որոնք կթուլացնեն ոչ միայն իրենց իշխանությունն, այլև՝ ավաղ, նաև Հայաստանի Հանրապետությունը», - ասաց Աշոտյանը:
Աշոտյանը նշեց,որ իրենք միանշանակ շաղկապում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդեպ հարուցված գործն արտաքին քաղաքական զարգացումների հետ։
«Եթե գնանք այս տրամաբանությամբ, կարող ենք ասել, եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է», - հայտարարեց Արմեն Աշոտյանը:
Նա նշեց՝ անհամբեր կսպասեն պատմության դատին, տեսնելով, թե ում նկատմամբ հարուցված քրեական գործն ապագայում կլինի կրակ կամ հուր և ում նկատմամբ հարուցված քրեական գործը կլինի հող:
«Կարծում եմ՝ այդ հնարավորությունները մեր պատմությունն ունենալու է»,-նշեց բանախոսը։

Հիշեցնենք, որ ՀՀԿ գործադիր մարմինը հայտարություն էր տարածել,որում մասնավորապես մեջ ասված էր․«Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքը համարում ենք բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում:
Այս գործընթացի նպատակն է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների ֆոնին, այդ թվում՝ բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում:
Նման բիրտ քայլերով իշխանությունները նպատակ ունեն նաև շեղել հայ ժողովրդի ուշադրությունը երկրում օրեցօր սրացող բազմաթիվ այլ խնդիրներից»։

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար։ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: