Բավ է պառակտվել
20-02-2020 16:31

Գիրք բաժանելու ժամանակ ունի․․․ թող մեզ էլ ընդունի․ Սևազգեստ մայրերը վարչապետին

Բանակում տարբեր տարիներին խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների սևազգեստ մայրերն այսօր էլ կառավարության շենքի դիմաց են եկել՝ պահանջելով իրենց որդիների մահվան գործերով արդար քննություն իրականացնել։
Նրանց հանդիպեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Հավաքվածները դիմեցին Ալեն Սիմոնյանին՝ խնդրելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Մենք ձեզ խնդրեցինք, որ Դուք պարոն Փաշինյանի հետ կազմակերպեք հանդիպում, որ մենք մեր խնդիրները իրեն ներկայացնենք։ Այսքան զինվորների սպանությունները վերջ ի վերջո պետք է կանգնեցնել թե չէ։ Եթե այս սպանողներին պատժեին, այս տարվա 13 զոհը չէր լինի։ Մենք պահանջում ենք, որ Փաշինյանը մեզ ընդունի։ Թող շաբաթ լինի, թող կիրակի լինի, թող գիշեր լինի։ Եթե ժամանակ ունի գիրք բաժանի, մեզ էլ թող լսի, զինվորը գրքից կարևոր է, մենք բանակ ենք տալիս, սահմանը պահեն» նշեցում էին նրանք։
«Նաիրի Սարգսյանին ես տասը անգամ զանգում եմ, դուրս է գալիս՝ զզվցնում ենք»,-բարկացավ 2010 թվականին Հադրութի զորամասում մահացած Արթուր Ղազարյանի մայրը։

Տիգրան Օհանջանյանի, Վալերի Մուրադյանի մայրերն էլ վրա բերեցին՝ «Այսինքն, մենք պարոն Փաշինյանին էլ ընդհանրապես չենք հետաքրքրում։ Մի անգամ է իջել այստեղ, դրանից հետո ոչինչ չի փոխվել, քննությունը ոչ մի քայլ առաջ չի գնացել։ Մեր պահանջն ի՞նչ է, արդարություն»։
Մայրերը հատկապես բարկացան այն ժամանակ,երբ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ասաց ․որ զինվորներից չորսը մահացել են դժբախտ պատահարի, չորսը՝ հիվանդության հետևանքով։

«Ինչքա՞ն սպասենք, ցեղասպանություն է։ Թող չասեն՝ դժբախտ պատահար է, հիվանդություն է, դրանք էլ են բանակի խնդիրը»,- բարկացան մայրերը՝ արձագանքելով Ալեն Սիմոնյանի այն հստակեցմանը, թե զինվորներից չորսը մահացել են դժբախտ պատահարի, չորսը՝ հիվանդության հետևանքով։ Մահացած զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը պահանջեց հանդիպում կազմակերպել վարչապետի հետ։

«Մենք պահանջում ենք պարոն Փաշինյանը մեզ ընդունի, մենք պիտի լրիվ լուրջ ձևով խոսենք իր հետ, ըսենց շարունակվել չի կարող։ Ինչքա՞ն պիտի մենք անտարբերության մատնված լինենք։ Այս երեխաները հավի ճուտ չեն։ Այսօր Փաշինյանը մեզ արհամարհում է, թող շաբաթ լինի, կիրակի լինի, գիշեր լինի, եթե ժամանակ ունի, կարա գիրք բաժանի, թող մեզ էլ ընդունի, սա գրքից կարևոր է, զինվորը գրքից կարևոր է»,-բարկացան մայրերը։

Ալեն Սիմոնյանը խոստացավ փոխանցել վարչապետին, որ նրանց հետ հանդիպի․ «Ինձնից հասնում ա փոխանցել, ես կփոխանցեմ, ինքը գիտի, ինքն ամեն ինչ գիտի»,- ասաց նա։
Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը, դուրս գալով Կառավարության շենքից, նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է հանդիպել սևազգեստ կանանց հետ, սակայն երբ կլինի հանդիպումը, չի նշել։
Ի դեպ կառավարության դիմաց ակցիա իրականացնում էին նաև «Հույսի ավան» թաղամասի բնակիչները, ովքեր նույնպես պահանջում էին հանդիպում վարչապետի հետ։ Բնակիչները մտահոգություն ունեն, որ իրենց կարող թաղամասից դուրս հանել։ Նշենք, որ թաղամասը նախատեսված է անապահով և բազմազավակ ընտանիքների համար։

 

 

 

Արմինե Գևորգյան