Բավ է պառակտվել
03-09-2020 13:43

Սահմանները չբացելու դեպքում ցույցերը շարունակական բնույթ են ունենալու (Տեսանյութ)

 

Կառավարության դիմաց կրկին հավաքվել են Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները: Նրանք պահանջում են կառավարությունից տալ հստակ պատասխան՝ երբ կբացվեն սահմանները:
«Եղբայրը հարազատ չի համարվում, ծնողդ, որ քաղաքացիություն չունի, մնացել ա էնտեղ, հաշվի չեն առնում, չգիտեմ՝ ինչ են հաշվի առնում: Մեր գործը էնտեղ ա, չենք կարողանում աշխատենք, վարկերը փակենք, սև ցուցակ ենք ընկնում, քաղաքական բողոք չունենք, ուզում ենք սահմանները բացվեն: Նույն պահանջով էլի խմբեր են եկել կառավարություն դիմաց, բայց լուծում չկա, արդեն հույսներս կտրել ենք», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Մասնակիցներից մեկն էլ նկատեց,որ որևէ լուծում չի տվել կառավարությունը«Իրենք պետք է ասեն, կոնկրետ պատասխանեն, ասենք՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում այս վիճակն է հիմա, հնարավոր չէ բացել, ձեր գլխի ճարը տեսեք, մենք էլ մի կերպ ապրենք, մինչև լուծեն։ Մարդկանց ուղիղ ասեն այս վիճակն է, մարդիկ կգնան տուն, մտածեն՝ ինչ անեն։
58 տարեկան մի կին նշեց, որ վեց ամիս առաջ է եկել Հայաստան ու չի կարողանում վերադառնալ։
«Խնդրում ենք, պահանջում ենք, թող ինչ-որ մի բան անեն, մենք գնանք, հասնենք մեր ընտանիքներին, ուղղակի անհնար է այստեղ արդեն գոյատևել»,- ասաց կինը։

Նա նշեց, որ  ցանկանում է գոնե աշխատանքի անցնի, սակայն  ոչ մեկ չի վերցնում աշխատանքի տարիքի պատճառով. «2-րդ կարգի հաշմանդամության թոշակ եմ ստանում, 30 հազար դրամ։ Չգիտեմ՝ գազի, լույսի համար վճարեմ, թե գոյատևեմ, իսկ այնտեղ նորմալ ապրում ենք։ Խնդրում ենք՝ մեր ձայնը լսեն, մի ճանապարհ բացեն, մեզ ուղարկեն մեր ընտանիքների մոտ»։

Բողոքող քաղաքացիներից մեկն ասաց, որ իրենք դիմել են ՀՀ ԱԳՆ, կառավարություն, ՀՀ-ում ՌԴ դեսպանություն։ 
«Դիմել ենք դեսպանություն, ասում են՝ մեր գործը չի, դիմեք  ձեր կառավարությանը, կառավարությունից ասում են՝ մենք մեղավոր չենք, դիմեք ՌԴ դեսպանություն, ո՞ւր գնանք, կամ հետաձգում են՝ սպասեք ամսի 15-ին, 1-ին, 15-ին, 1-ին, ինչքա՞ն սպասենք։ Թող մի պաշտոնյա իջնի, ասի բանակցում ենք՝ ամիս 3-ին, 8-ին պարզ կլինի, թե ինչ է լինելու, կամ պարզ չի լինելու, պարզ չի լինելու կոնկրետ այսքան ժամանակ։ Կոնկրետ ժամկետներ ենք ուզում։ Մանկավարժ եմ, ո՞վ ինձ երկու ամիս աշխատանք կտա։ Բա ինչպե՞ս աշխատեմ։ Ամուսինս աշխատում է, գումար է ուղարկում, բայց մենակ ինչքա՞ն կարող է, չի հասցնում»,- ասաց բողոքող կինը։

Քաղաքացին նշեց, որ արտակարգ դրության ավարտից հետո էլ հույս չունեն՝ սահմանները կբացվեն, և հարցը կկարգավորվի:
Ակցիայի մասնակիցները լրագրողներին նաև հայտնեցին, որ սահմանները չբացելու դեպքում ցույցերը շարունակական բնույթ են ունենալու, մինչև հարցին լուծում տրվի:
«Վեց ամիս ա եկել եմ, տղայիս ամուսնացնելու, հետո ճանապարհները փակեցին, էլ չեմ կարողանում գնալ երեխեքիս մոտ, տոկոսների, վարկերի տակ ճռռում ենք, խնդրում ենք մի ելք գտնենք, իմ տարիքի կինը աշխատանք չի գտնում, ուր գնում եմ՝ ասում են 18-30 տարեկան աշխատակիցներ են պետք », - ասաց մասնակից կինը:

 

 

 

Արմինե Գևորգյան