Բավ է պառակտվել
22-07-2020 16:52

Այսպես որ շարունակվի, դուք ավելի վտանգավոր եք մեր երեխայի համար, քան կորոնավիրուսը․ Ծնողները ԿԳՄՍ նախարարին


Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների արդյունքում բարձր միավորներ ստացած, բայց բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն այսօր կրկին հավաքվել են Ազգային ժողովի դիմաց:

Ծնողներից մեկն ասաց, որ փոփոխությունները պետական մարմինները բավականին աղավաղված են բացատրել, մարդիկ չեն էլ հասկացել:
«Գերազանցիկ երեխան պետք է գնա, նստի տանը, 7,5 միավոր ստացածը սովորի՞: Սա՞ է մեր երկրի ապագան լինելու»,- նշեց ակցիայի մասնակից Խաչատուր Նազարեթյանը:
«Պարոն Արայիկ Հարությունյան, չի կարելի այդքան անտարբեր մնալ ձեր հայրենակիցների նկատմամբ, դուք այդ 739 դիմորդներին և ընտանիքներին փորձում եք արհամարհել, դա ձեզ մոտ չի ստացվի։ Լավ իմացեք՝ եթե այսպես շարունակվի, մեր հաջորդ ակցիան ձեր հրաժարականի պահանջով կլինի,–ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։
Նշենք, որ այսօր Ազգային ժողովում քննարկում է լինելու կապված այս խնդրի հետ, ծնողները ցանկանում են, որ գոնե իրենցից էլ մարդ ներկա լինեն, որպեսզի իրենք լսեն հարցերն ու պատասխանները:

Հարցին՝ ի՞նչ սպասելիք ունենք այսօրվա քննարկումից, ակցիայի մասնակից Նազարեթյանն ասաց. «Որ այսպիսի նախարար ունենանք, եթե ինքը պետք է որոշի, դժվար լավ բան սպասենք: Սրա համար չենք արել հեղափոխություն, որ մեր երեխաները մնան դրսում: Նախարարն առաջարկում է՝ թող գնա ձեր երեխան թուրքագիտություն սովորի, իմ երեխան չի ուզում սովորի: Ասում եմ՝ թող երեք քննություն հանձնեին, պատասխանում է՝ վտանգավոր է: Ասացի՝ սենց որ շարունակվի, դուք ավելի վտանգավոր եք մեր երեխայի համար, քան կորոնավիրուսը» :

Հայկ Աբելյանն ասաց, որ առաջին հայտով նշել է իրավագիտական բաժին, 15,75 միավորով անցել է 10-րդ հայտով նշված հնագիտության բաժին:
Ծնողներն ասացին, որ չեն հեռանա ԱԺ մոտից, մինչև չներկայանա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, բողոքի ակցիա կանեն նաև նախարարության դիմաց, կսպասեն նախարարին այնքան, մինչև կներկայանա:

 

Արմինե Գևորգյան