Բավ է պառակտվել
07-11-2016 16:46

ՄԻԵԴ վճիռներով Հայաստանն ունի 924 000 եվրոյի վճարման պարտավորություն. Կոստանյան

Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ՄԻԵԴ-ը մինչ օրս կայացրել է 67 վճիռ, վճարման ենթակա գումարը կազմում է 924 00 եվրո, հայտնել է ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:

Գ. Կոստանյանը տեղեկացրել է նաև, որ նշված գումարի մի մասն արդեն վճարվել է, մնացածը փոխանցման փուլում է:

Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ-ը 99 վճիռ է կայացրել: «Նյութական պատասխանատվության՝ այսինքն պետբյուջեից վճարվող գումարների տարբերությունը նույնպես զգալի է»,- նշել է ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ 2002 թվականից մինչև այսօր ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցերի ընդհանուր գումարը կազմել է 15 մլն եվրո, բավարարված վճիռներով, սակայն վճարման ենթակա է 924 000-ը:

«Եթե համեմատենք Ադրբեջանի հետ, ապա Ադրբեջանն արդեն 2,5 մլն եվրոյի վճարման խնդիր ունի: Տարեցտարի Հայաստանի կողմից վճարման ենթակա գումարը նվազում է, որովհետև այս ընթացքում մեր պետական մարմինները, իրավապահ ոլորտը ավելի շատ են կիրառում եվրոպական չափանիշները, ինչը հանգեցնում է կամ պետք է հանգեցնի խախտումների նվազմանը»,- ընդգծել է Գ. Կոստանյանը: