Բավ է պառակտվել
25-03-2015 11:28

«Հիշատակի էստաֆետ» ակցիայի պատվիրակությունն Ազգային ժողովում

Ազգային ժողովը հյուրընկալել էր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից անցկացվող «Հիշատակի էստաֆետ» ակցիայի պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ, վետերաններ եւ Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Ղազախստանի խորհրդարանների պատգամավորներ: Հայաստանը էստաֆետը հյուրընկալող չորրորդ երկիրն է: Միջոցառումների շարքը մեկնարկել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Պատվիրակությունը ԱՊՀ անդամ երկրներից Սանկտ Պետերբուրգ պետք է տանի անմար կրակների մասնիկները եւ ապրիլի 16-ին համախմբի Տավրիկյան պալատում անցկացվելիք միջոցառման ժամանակ: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, նշել է, որ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ վեց հարյուր հազար հայ: Եվ այդ պատերազմի հաղթական ավարտը հպարտությամբ է հիշում յուրաքանչյուրը, քանի որ հայ ժողովուրդը խորհրդային բանակի կազմում ներկայացված է եղել ամենաբարձր մակարդակով: Անուրանալի են իրենց կյանքը հայրենիքին եւ հաղթանակին նվիրած հայորդիների քաջագործությունները: Արտակ Դավթյանը փաստել է, որ հաղթանակի նշանակությունը կկարեւորվի ոչ միայն յոթանասուն, այլեւ յոթ հարյուր տարի հետո էլ: Պատվիրակության ղեկավար Թամարա Դոլգոշեյն իր խոսքում նշել է, որ հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում միավորել եւ միավորում է ազգեր, պետություններ եւ սերունդներ: Այդ ժողովուրդների ընդհանուր պատմությունը հարուստ է հերոսներով եւ սխրանքներով: «Հիշատակի էստաֆետի» նպատակն է դաստիարակել հերոսներին արժանի սերունդ, երախտապարտ լինել վետերաններին իրենց նվիրման, ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի համար: Նույն օրը «Հիշատակի էստաֆետի» պատվիրակության անդամները այցելեցին Հայոց Ցեղասպանության հուշարձանը, պսակ դրեցին և հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: