Բավ է պառակտվել
07-12-2020 12:53

«Սա պատերազմ չէր, սա վերին էշելոններից ծրագրված տարածքների հանձնում էր»․ Չարեքթարը չհանձնած Աշոտ Սևյան

Չարեքթարցի Աշոտ Սևյանը մեկ գիշերում դարձավ ճանաչված: Նրա տեսանյութը ունեցավ մոտ մեկ միլիոն դիտում: Իսկ տեսանյութում Աշոտը անկախ լրագրող Պատրիկ Լանկաստերին պարզապես պատմում էր, որ չի պատրաստվում դուրս գալ Չարեքթարից, չնայած նոյեմբերի 9-֊ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղը անցնում էր Ադրբեջանին:
Արդեն Gisher.News-ի հետ զրույցում Աշոտը պատմեց, որ գյուղ այցելած լրագրողներին, ռուս խաղապահներին իր պատասխանները զարմացրել են։ Նրանք այդպես էլ չկարողացան հասկանալ, որ պարզապես իմ տունն ու արժանապատմություն եմ պահում՝ ասաց:
Պատերազմի առաջին օրվանից Չարեքթարի կամավորական ջոկատը եղել է առաջնագծում: Երբ նոյեմբերի 25֊-ին գյուղ են վերադարձել, հետևյալ պատկերն են ականատես եղել:
«Մինչև վերջին օրը Եղնիկներում էինք: Արդեն ամսի 25 –ին, երբ հրամանը եկավ, որ Շահումյանը հանձնվում է, մենք իջել ենք ու տեսել գյուղը այդ վիճակում: Գյուղում քաոս էր, մարդիկ գնացել էին, ժողովուրդ չկար։ Չգիտես ինչո՞ւ ռուսներն արդեն գյուղում էին։ Մեզ դեմ էին տալիս Փաշինյանի ստորագրությունը, մենք էլ ասում էինք, որ ԽՍՀՄ տարիներին Չարեքտարը եղել է Մարտակերտի շրջանի վերջին գյուղը: Բայց դժբախտաբար մեզ լսող չկար: Եվ եթե չլիներ գյուղի կամավորական ջոկատը՝ գյուղապետի գլխավորությամբ, ապա գյուղը դարձյալ կտրվեր Ադրբեջանին»:

Չարեքտար գյուղը ադրբեջանական կողմին չանցավ։ Դեկտեմբերի 3 ից, ինչպես գյուղապետ Կամո Ցականյանն է ասել, որ գյուղում սկսվելու են վնասված տների վերակառուցման աշխատանքները: Աշոտն ասում է, որ մինչ օրս ոչ մի պատկան մարմին իրենց չբացատրեց, թե ինչու նման կերպ վարվեցին:
«Մեր գյուղապետը հիմա Ստեփանակետում է, երեկ իր զանգից հասկացանք, որ գյուղն ուզում են վերաբնակեցնել։ Չարեքտարի հարևան՝ Ադրբեջանին անցած գյուղերի այն բնակիչները, որոնք ցանկություն ունեն, կարող են տեղափոխել ու վերաբնակնակվել Չարեքտարում: Բայց ես ինքս չեմ պատրաստովում ընտանքիս տանել, քանի որ իմ տնից 600 մետր այն կողմ Ադրբեջանն է: Եվ ինձ որևէ պաշտոնյա չի կարող որևէ անվտանգության երաշխքի տալ: Ո՞նց են անվտանգությունը ապահովելու: Ապահովել էին ՝ Չարեքտարը տալով Ադրբեջանին: Մոռացել էին ուղղակի, որ գյուղում կայինք մենք: Ես ինքս գնալու եմ, բայց՝ առանց ընտանիքի»:

Աշոտ Սևայանը երեք պատերազմի մասնակից է, վիրավորել է երեք անգամ։ Մարտական ընկերները նրան Կոբրա անունով են կնքել:
«Փակագծերը շատ չբացեմ, 90-ականներին իմ դիրքի տղաներն են էդպես անվանել։ Ուղղակի ասեմ, որ եթե ինչ-որ մի բան ինձ դուր չի գալիս, բոլորին խայթում եմ։ Բայց վերջնական այդ անունը կնքվեց մի օր, երբ պատերազմի ժամանակ ուղղաթիռը փորձեց հարձակվել մեր դիրքի վրա: Ես ծառայել եմ Գերմանիայում, ու այդ ձայնը ինձ ծանոթ էր: Փորձում եմ ասել՝ տղերք կոբրան ա հարձակվում, ոչ ոք չի հավատում․․․ Էդպես անունս մնաց Կոբրա»:

Զրուցակիցին խնդրեցինք համեմատել նախորդ ու այս պատերազմները: Նա նշեց, որ համեմատելու եզրեր չկան և խոսում է Շուշիի մասին։
««Սա պատերազմ չէր, սա վերին էշելոններից ծրագրված տարածքների հանձնում էր: Մեզ համար անակնկալ էր Շուշիի հանձնումը, կային ուժեր, որոնք կարող էին պահել, մենք էլ պատրաստ էինք Եղնիկներից իջնել Շուշի, բայց մեզ չթողեցին»:
Երեք պատերազմների մասնակիցը նկատում է, որ այսօր փորձում են մեղքը բարդել բանակի վրա: Բայց ոչ բանակն է պարտվել, ոչ էլ կամավորները, պարտվել է քաղաքական իշխանությունը:
«Այսօր պարտվել է քաղաքական իշխանությունը՝ հանձինս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ով ինձ համար պոռոտախոս դասալիք է: Ես 50 տարեկան տղամարդ եմ, ու դիրքերում փոխանակ ես 18 տարեկանին դուխ տայի, իրենք էին ասում՝ հոպար արխային քնի, մեջքներս պինդ պահի։ Իսկ նման բանակին նման արտահայտություն կարող է անել միայն այն մարդը, որը բանակ չի տեսել ու բանակի մասին պատկերացում չունի»:

Աշոտին հարցնում ենք՝ արդյո՞ք պարգևների արժանացել է: Ժպտում է ու ասում՝ երկու մեդալ ունի մարտական ծառայության համար: Նա անընդունելի է համարում ամեն քայլափոխի պարգևներ ու հերոսի կոչումներ շռայլելը: Ասում է, երբ հուլիսյան դեպքերին 72 հոգու Մարտական խաչ շնորհվեց, արժեզրկվեց հենց Մարտական խաչ պարգևը:
«Ես գիտեմ մի քանի Ազգային հերոսի, որոնք չեն արել մեր զինվորի 0,1 տոկոսը: Այս մարդիկ ստեղծեցին նոր հերոսներ, նոր գեներալներ, որոնք մարտի դաշտը տեսնում էին 7 կմ հեռավորությունից: Ինձ դուր չէր գալիս մարդկանց վարկաբեկումը, հերոսից իջեցնելն ու դավաճանի պիտակ կպցնելը: Ես սպասում էի, որ մի օր էլ ինձ կասեն, որ Աշոտը ոչ թե պատերազմում է առողջությունը և ոտքերը կորցրել, այլ չգիտեմ որտեղ»:
Աշոտի հետ զրույցը երկար շարունակվում է, բայց ՝արդեն առանց ձայնագրիչի: Հրաժեշտ տալիս պայմանավորովում ենք, որ հաջորդ հարցազրույցը լինելու է Չարեքտարի իրենց տանը ու այդ տան այն բակում, որտեղ Հայաստանի բոլոր բնակավայերից, Արցախի ամեն գյուղից ու քաղաքից Աշոտը քարեր է բերել:

Արմինե Գևորգյան