Բավ է պառակտվել
09-07-2020 16:45

Վարչապետի աթոռը զբաղեցրած այդ արարածը դիվերսիա է անում այս ժողովրդի դեմ

Արտակարգ իրավիճակի ռեժիմի պայմաններում կառավարությունը թույլ է տվել բացել հանրային սննդի կետերը, այդ թվում՝ ռեստորանները: Բայց երգիչ-երաժիշտներին թույլ չի տվել դրանցում ելույթ ունենալ:
Այսօր Ռեստորանային ոլորտի ներկայացուցիչները՝, հանդիսավարներ, երաժիշտներ, երգիչներ, սպասարկող անձնակազմը բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց: Նրանք ՀՀ կառավարությունից պահանջում են ընդունել իրենց ներկայացուցիչներին ու լսել իրենց բարձրացրած խնդիրները:
Խնդիրն այն է, որ Արտակարգ իրավիճակի ռեժիմի պայմաններում կառավարությունը թույլ է տվել բացել հանրային սննդի կետերը, այդ թվում՝ ռեստորանները: Բայց երգիչ-երաժիշտներին թույլ չի տվել դրանցում ելույթ ունենալ:

«Մենք պատրաստ ենք պահպանել բոլոր կանոնները՝ դիմակով երգել, հաճախորդներից սոցիալական հեռավորություն պահպանել: Թող կանոններ սահմանեն, մենք էլ դրանք պահպանելով աշխատենք»,- ասաց ակցիայի մասնակից` հանդիսավար- հաղորդավար էդիկ Կարապետյանը:
Հավաքվածները շեշտեցին, որ գրեթե բոլորը բանկերում վարկեր ու ապառիկ գնումների հաշիվներ ունեն, որոնց դիմաց չեն կարողանում վճարել: Իսկ կառավարության հատկացրած աջակցությունը շատ չնչին է մի քանի ամիս դրանով ընտանիք պահելու համար:
«68 000 դրամ եմ ստացել: 4 ամիս դրանով ո՞նց ապրեմ, հոսանքի ու գազի համար վճարե՞մ, թե՞ երեխեքիս համար ուտելիք գնեմ»,- ասաց հավաքվածներից մեկը:
Ոլորտի ներկայացուցիչներին մեկ շաբաթ առաջ ընդունել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները, լսել նրանց բողոքներն ու առաջարկները, բայց իրավիճակը չի փոխվել:
Այսօր նրանք հանդիպում են պահանջում վարչապետի հետ՝ հասկանալու իրենց հետագա քայլերը:
«Ակնկալիք չունեմ ես ընդհանրապես այս պետությունից, վարչապետի աթոռը զբաղեցրած այդ արարածը դիվերսիա է անում այս ժողովրդի դեմ» ասաց ռեստորաններից մեկի պատասխանատու Անահիտ Սիմոնյանը։
Նա նշեց, որ մարտի 15-ից չի աշխատել. «Ապրել ենք ուզում, մեր երեխեքը մեղք են, քո Արփիից, քո Շուշանից ու քո չգիտեմ ինչերից վա՞տն են մեր էրեխեքը։ Թող բերման ենթարկեն, ես չեմ վախենում»։
Իսկ հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանն ասաց, որ իրենք ցանկանում են դիմել կառավարությանը՝ միջոցառումների անցկացման թույլտվության հնարավարության հետ կապված։
«Մենք «Իմ քայլի» հետ էլ ենք հանդիպել, փոխանցել մեր միակ պահանջը՝ արտակարգ դրության վերացման ժամկետների շուրջ հստակցություն մտցնել, բիզնեսը խորտակվում է։ Կազմակերպման ոլորտի բիզնեսը զրոյացված է, ռեստորանային ոլորտում նույնպես տիրում է անմխիթար վիճակ, բոլորը ֆինանսական կորուստներ են կրում»,- ասաց Աշոտ Բարսեղյանը։
Նա նշեց, որ խմբակցությունների հետ հանդիպումից հետո էլ որևէ հստակություն չի մտցվել։
«Մենք ուզում ենք լսենք՝ կոնկրետ երբ է վերանելու արտակարգ դրությունը, որպեսզի թույլատրվեն միջոցառումները ։ Ակնկալում ենք տնտեսական բլոկի գործողությունների տրամադրում հանրությանը, ուզում ենք հասկանալ՝ կառավարության տնտեսական բլոկը բացի դիմակ կրելուց ինչ-որ գործողություններ պլանավորվո՞ւմ է, թե՞ ոչ։
Հարցին՝ արդյո՞ք կառավարության աջակցության ծրագրերից օգտվել եք, Բարսեղյանը պատասխանեց. «Այնքան չնչին են եղել, որ դրա մասին ավելորդ է խոսել։ Շատերն օգտվել են, շատերը չեն օգտվել, շատերը փորձում են օգտվել, դեռ անհաջող»։
Ակցիայի մյուս մասնակիցներն ասացին, որ առաջին ակցիայի ժամանակ իրենց պահանջները գրավոր ներկայացրել են կառավարությանը, սակայն որևէ պատասխան չեն ստացել։ Նրանք ներկայացրել են, թե ինչ ձևաչափով կարող են աշխատել՝ պահպանելով անվտանգության կանոնները։
«Կոնկրետ հինգ ամիս ժողովուրդը սոված է, ոչ մեկին չի հետաքրքրում, թե ոնց են ապրում, ինչ են անում։ Թող կոնկրետ ասեն՝ այս օրն է բացվում, մենք էլ իմանանք, թե ինչ ենք անում։ Մոլերը բաց է, ջերմաչափում են, թողում են մտնել, թող ռեստորաններում էլ ջերմաչափեն, հյուրերին թողնեն, այս մարդիկ աշխատեն»,- ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։
Նրանք նաև նշում են, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հորդորներին արդեն որևէ մեկը լուրջ չի վերաբերվում։
«Մեր խելացի, հարգարժան առողջապահության նախարարը հայտարարեց, որ երգելը վնաս է։ Դա էլ հիմա նոր բան ա, հետո կասեն՝ շնչելն ա վնաս, հետո՝ գնացեք մեռեք», - ասաց նա։
Երգիչ, հաղորդավար և հանդիսավար Էդիկ Կարապետյանի խոսքով, մշակույթի ոլորտը պետական մարմինների կողմից անտեսված է. «ո՞վ է մեր մշակույթի նախարարը, մշակույթն այսօր տրորել են, ոտնահարել են»։
Ակցիայի մասնակիցները նշում են, որ ընդհանուր այս ոլորտում 250 հազար մարդ է աշխատում, 98 տոկոսը գործազուրկ է։ Իսկ այդ ընթացքում ոստիկանությունը զգուշացրեց, որ հավաքն անօրինական է ու բերման ենթարկեց դրա մասնակիցներից մի քանիսին:

 

 

Արմինե Գևորգյան