Բավ է պառակտվել
10-05-2019 18:35

Թող անհամեստ չհնչի, բայց մեր ոլորտում կոոռուպցիա չկա.Դատախազ Արթուր Դավթյան

Ազգային ժողովում քննարկվում է դատախազության 2018թ. գործունեության մասին հաղորդումը; Ապօրինի հարստացման հոդվածով քրեական հետապնդում իրականացվել է 5 անձի նկատմամբ, փողերի լվացման հոդվածով 8 քրեական գործ է հարուցվել՝ այսօր խորհրդարանում ասել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ նշելով, որ այս հանցակազմերը իրավական պրակտիկայում վիճահարույց մեկնաբանություններ ունեն։ Նշենք,որ ապօրինի հարստացումը Հայաստանում քրեականացվել է 2017-ին: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հարցրեց, թե հաշվի առնելով, որ տասնյակ տոկոսներով աճել են հանցագործությունների հետ կապված դատախազության գործողությունները, արդյո՞ք տեղին է ենթադրել, որ նախկինում կաշկանդված են եղել՝ որոշակի ոլորտներում գործողություններ կատարելու։ ․

«Անկեղծորեն պատասխանում եմ՝ որևէ կաշկանդվածություն չեմ ունեցել։ Բայց հիմա տրամաբանական հարց է առաջանում՝ 10, 15, երբեմն բազմապատիկներով ցուցանիշների աճը ինչո՞վ է բացատրվում․ դա պարզ երկու պատճառ ունի, առաջինը՝ մեր քաղաքացիների ընդգծված նախաձեռնողականություններն են եղել, 3,6 անգամ ավելացել են քաղաքացիների հաղորդումները՝ հատկապես կոռուպցիոն բնույթի հաղորդումների հետ կապված»,-ասաց նա։

«Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր Էդգար Առաքելյանը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման աճն ընդգծելով, հետաքրքվել է, թե քանի կոռուպցիոն դեպք է բացահայտվել դատախազության համակարգում:

«2018-ի ընթացքում քրեական հետապնդման ենթարկված գործող դատախազ չի եղել, 2017–ին քրեական հետապնդման է ենթարկվել գործող մեկ դատախազ՝ 2015 թվականին կատարված առերևույթ հանցագործության համար»,- նշել է դատախազը և հավելել, որ համակարգում ներդրվել են վերահսկողական այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս կոռուպցիոն գործարքներն արագ բացահայտել։

«Մենք պետք է ունենանք 0 հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ և թող անհամեստություն չլինի, բայց մեր համակարգում հաջողվել է ձևավորել այդ մոտեցումը»,- ասել է Դավթյանը։

Գլխավոր դատախազից պատգամավորները հետաքրքրվել են նաև նախկին ու ներկա գործունեության տարբերությունների մասին: Մինչև հեղափոխությո՞ւնն էր ավելի հեշտ աշխատանքը, թե՞ հեղափոխությունից հետո:
2018-ի ապրիլից հետո դատախազության ծանրաբեռնվածությունը մեծացել է, հանրային ակտիվությունն ու ներգրավվածությունը վարույթներում աճել ՝ ասել է դատախազը ու նկատել, որ համակարգը պատմական հնարավորություն ունի վերականգնելու հանրային վստահությունը:

 

Արմինե Գևորգյան