Բավ է պառակտվել
18-07-2020 15:02

«Դուք ձեր կռիվն արդեն արել եք, սա մեր կռիվն է» ․Կապիտան Սոս Էլբակյան

  

Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններն ու դրանց հետևանքները համացանցում առիթ են դարձել տարբեր նախաձեռնությունների։ Շատերն իրենց օգնությունն են առաջարկում վնասված համայնքների բնակիչներին, մյուսները նվիրատվություններ են նախաձեռնում՝ ի աջակցություն զոհված զինծառայողների ընտանիքների։ Նախաձեռնություններից շատերն անակնկալի են բերում զինծառայողների հարազատներին։ Այդպես եղել է Սոս Էլբակյանի ընտանիքի դեպքում։
Հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիս–արեւելյան հատվածում հունիսի 14-ին չդադարող կրակոցներից մեկը դիպավ կապիտան Սոս Էլբակյանին: Րոպեներ անց համացանցում հայտնվեց նրա ապրեցնող ժպիտով լուսանկարը: Սոսը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից էր, ընդամենը 28 տարեկան: Մեկ օր հետո Ահարոն Հայրապետյան անուն ազգանունով օգտատիրոջ կողմից ՖԲ սոցիալական ցանցում հայտնվեց հանգանակություն սկսելու հայտարարություն՝ ի աջակցություն կապիտան Սոս Էլբակյանի ընտանիքին: Օգտատերը խնդրանքով դիմել էր բոլորին․ «Ցանկացած նվիրատվություն մեծապես գնահատվում է: Սա մի փոքր օգնություն է բոլորիս կողմից մեր ազգի հերոս Սոսի ընտանիքին: Նա իր կյանքը զոհեց մեր երկրի՝ Հայաստանի, և մեր ժողովրդի համար»:
Սոսի հորեղբոր որդին՝ Կարեն Արշակյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ այդ հայտարարության մասին տեղեկացել են համացանցից: Սկզբում շատ են վրդովվել, բայց հետո պարզել են, որ նախաձեռնության հեղինակը իրենց համագյուղացին է, որն այժմ բնակվում է ԱՄՆ ֊ում ու պարզապես ուզում է ինչ-որ կերպ օգնել՝դա համագյուղացու ինքնաբուխ նախաձեռնությունն է։

«Սկզբից տեղյակ չենք եղել, բայց հետո իմացանք, որ մեր գյուղացին է: Ուղղակի պետք չէր տեքստում նշել, որ հանգանակությունը հավաքվում է թաղման և այլ ծախսեր հոգալու համար: Քանի որ կա հարազատություն, կան ընկերներ, և կապիտանին վայել հուղարկավորությունը կազմակերպվել է: Իսկ եթե մարդիկ ցանկանում են, որ Սոսի ընտանիքն ավելի բարեկեցիկ ապրի կարող են օգնել․․․․ Բայց, նորից եմ կրկնում, ոչ թաղման ծախսեր հոգալու համար»:
Վերջին անգամ Կարենը հորեղբոր տղայի հետ խոսել է հուլիսի 13 ֊ին:
«Վերջին անգամ խոսել եմ դեպքի իրիկունը: Ինքը երբեք ծառայությունից չի դժգոհել: Ասեցի՝ Սոս ջան, մի հատ որ լավ սնայպեր տաք, կգամ կողքդ կկանգնեմ: Ասեց՝ դուք ձեր կռիվը արել եք, էս արդեն մեր կռիվն է»:
Կարեն Արշակյանը մասնակցել է արցախյան ու քառօրյա պատերազմներին։ Ասում է՝ իրենց ընտանիքում Սոսը միակ զինվորականը չէր։ Մյուս հորեղբորորդին եղել է Գեղազնիկ Միքայելյանի՝ Չավուշի ջոկատից, զոհվել է 22 տարեկանում: Սոսը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ապա լեյտենանտի կոչումով աշխատանքի անցել Զինված ուժերում :
«Մեր ծնված ցանկացած զավակ պետք է ունենա հնարավորություն հայրենիքի պաշպանության համար կանգնելու: Ու վառոդի հոտը պետք է լինի իր քթի մեջ: Թող նրանք լինեն վերջին զինվորները ․․․․ Ես չեմ ցանկանա, որ ոչ մի մայր լաց լինի, բայց երբ պետք է հայրենիքի համար պետք է ոտքի կանգել»:
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով կապիտան Սոս Էլբակյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։

 

 

Արմինե Գևորգյան