Բավ է պառակտվել
09-06-2021 16:30

Հայաստանի օմբուդսմենը պահանջում դադարեցնել գերիների վերադարձի հարցերի շահարկումը նախընտրական քարոզարշավի ընթացքում

Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը պահանջում է ամբողջությամբ դադարեցնել գերիների վերադարձի հարցերի շահարկումը։ Նա համապատասխան հայտարարությունը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում։

Թաթոյանը հայտարարել է, որ Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է` այն էլ խոսելով այլ մարդկանցով գերիների փոխանակումների ու փոխանակվելու պատրաստակամության մասին:

«Ակնհայտ է, որ նման բան տեղի ունենալ չի կարող, իսկ շահարկումները միայն ավելացնում են լարվածությունը երկրում և ավելի են բարդացնում գերիների վերադարձը. այդ կերպ ադրբեջանական իշխանությունների համար պարզապես բարձրացվում է գերիների վերադարձի «գինը»: Եվ, իհարկե, դա բացահայտ անհարգալից վերաբերմունքի է գերիների ու նրանց ընտանիքների անդամների, նրանց զգացմունքների նկատմամբ»,- ասել է նա:

Օմբուդսմենն ընդգծել է, որ պետք է ոչ թե շահարկումներով բարդացնել գործընթացը, այլ իրական ջանքեր ներդնել Ադրբեջանում անօրինական գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի համար:

Հայաստանի երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին առաջարկել էր, որ վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանն իր երեխային հանձնի թշնամուն՝ փոխարենը վերադարձնելով 20-25 գերի, և դրանից հետո տեսնել, թե ինչպես նա կխոսի գերիների մասին։ Ի պատասխան՝ Փաշինյանն ասել էր, որ պատրաստ է իր որդուն փոխանակել բոլոր գերիներով։

Նախօրեին նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանն անդրադարձել էր Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմային․ «Այո, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, Հայաստանի ինքնիշխանության համար։ Եվ այո՛, նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար։ Բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը»,– ասել է Փաշինյանը։