Բավ է պառակտվել
12-09-2019 20:59

Սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենախայտառակ քրեական գործն է։ Ռոբերտ Քոչարյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին դատական նիստը։ Դատական նիստը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը։
Ելույթ ունեցավ Ռոբերտ Քոչարյանը՝ այս քրեական գործը որակելով որպես ՀՀ պատմության մեջ «ամենախայտառակ քրեական գործը»։
Սակայն մինչ ելույթը դատավորը Ռոբերտ Քոչարյանին հարցրեց՝ աշխատում ե՞ք։ Քոչարյանը զարմացած պատասխանեց․Հ՞իմա,հիմա մեկուսարանում եմ։ Այնուհետև Քոչարյանը ելույթ ունեցավ ասելով որ սա պարզապես քաղաքական հետապնդում է։
«Մեկ-մեկ մտածում ես, որ եթե քո նկատմամբ՝ նախկին նախագահի նկատմամբ կարող են այսպիսի չարաշահումներ թույլ տալ․․․ Դատախազության համար ես մի բան եմ հասկանում, որ օրենքը ոնց որ պլաստիրին լինի, ոնց ուզես, մեկնաբանես, թեկուզ՝ օրենսդրական նախաձեռնության իրավունք ընդհանրապես չունես։ Հիմա սա է վիճակը։ Իմ տպավորությամբ սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենախայտառակ քրեական գործն է։ Դասագրքերում նշվելու է այս գործի մասին, և այս գործն ունենալու է իր բացասարակ և դրական հերոսներին, ես չեմ կասկածում՝ ովքեր են լինելու դրա բացասական հերոսները, և տվյալ դեպքում Դուք այն անձնավորությունն եք, որ հնարավորություն ունի, որ գրում է ևս մեկ էջ այս քրեական գործի պատմության։ Թե ինչպիսին է լինելու այս էջը, իհարկե, կախված է ձեզնից»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Հիշեցնենք,որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Նշենք,որ դատարանում էին մարտի մեկի տուժողների և տուժողների իրավահաջորդների պաշտպանները։ Հետևաբար հայտարությամբ հանդես եկավ նաև Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը։ Ասելով ,որ այս գործով տուժողներ չպետք է լինեն:
«Անհարգալից վերաբերմունք թող չդիտվի, բայց ընդգծեմ, որ մինչև օրս որևէ գործ չի քննվում, որտեղ քննարկվի սպանված տուժողերի սպանության վերաբերյալ հարց և միայն այդ գործով սպանված տուժողների իրավահաջորդները կարող են ներգրավվել որպես իրավահաջորդ: Հավասարապես այս գործը չի քննվում մարմնական վնասվածքներ ստանալու պարագաների շուրջ, միայն այդ գործով նշված անձինք կարող են հանդես գալ որպես տուժող: Այս գործը քննվում է 301 հոդվածով, որը ՍԴ կարգի տապալում է վերնագրված, և այդ գործով չկա մարդ, որը որ ավելի շատ տուժող է ՍԴ տապալման առումով, քան ՀՀ 3 մլն բնակիչ, այսինքն՝ կա՛մ 3 մլն տուժող պետք է բերեք, կա՛մ այստեղ տուժող չպետք է լինի: Քննվում է նաև առանձնապես խոշոր չափերի կաշառքի մեղադրանքը: Այսօր այստեղ հրավիրված հարգարժան անձանցից ոչ մեկը տուժող չէ և չի կարող լինել»,- ասաց Հայկ Ալումյանը:
Նրա հետ համակարծիք էր նաև Յուրի Խաչատուրովի շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը: Նա նշեց, որ քրեական գործում չկան փաստական տվյալներ, որ տվյալ գործով ներկայացված անձինք տուժել են:
Արդյո՞ք կփոխվի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը՝ պարզ կլինի սեպտեմբերի 17-ին։ Այս պահին դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։

 

Արմինե Գևորգյան