Բավ է պառակտվել
04-08-2020 13:51

«Դա իր սեփականությունն է, մենք ոչինչ չենք կարող անել». Մարությանը` Մաշտոցի պուրակի մասին

«Իմ՝ քաղաքապետ դարձած օրվանից իմ կողմից ամեն քայլ ուղղված է եղել մեր քաղաքն ազատելու տարբեր տիպի ապօրինի շինություններից և այն ավելի կանաչ դարձնելուն, այդպես եղել է, այդպես է հիմա և շարունակվելու է մինչև վերջ, որովհետև ես ինքս այդպես եմ մտածում, գտնում եմ, որ Երևանը շատ ավելի կանաչ պետք է լինի, քան այսօր է: Արդեն 2018-ի հոկտեմբերի 15-ից շատ մեծ քայլեր են արվել այդ ուղղությամբ»,- քաղաքապետարանում այսօր Մաշտոցի պուրակի խնդրով հրավիրված ասուլիսին ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Քաղաքապետը հիշեցրեց՝ Մաշտոցի պուրակի համար տարիներ առաջ պայքարողներից մեկն էր և հիմա էլ է պայքարում ամեն պուրակի համար:

«Մենք բոլորս օրենքով պետք է շարժվենք: Այն տաղավարները, որ այն ժամանակ պետք է կառուցվեին, հանրային ճնշմամբ թույլ չտվեցինք: Բայց այնտեղ կա մի սրճարան, որն ուներ 277 ք/մ սեփական տարածք և 17 ք/մ սեփականության իրավունքով կադաստրում գրանցված տաղավար:

Սակայն 2018 թվականի մայիսի 16-ին Տարոն Մարգարյանի կողմից ստորագրվում է մի որոշում, որով վարձակալությունը դառնում է 1048 ք/մ: Վարձակալութունը մինչև 2048 թվականի դեկտեմբերն է:

Ես այս որոշումը չեղյալ եմ համարել: Պայմանավորվածություն ենք ձեռք բերվել, որ 277 ք/մ և 17 ք/մ սեփական գույքը, որը սեփականտիրոջն է, քանդում ենք և դրա տեղը տալիս ենք նույն տարածքում կառուցապատման իրավունքով վարձակալություն: Սա նշանակում է, որ այն գույքը, որն այժմ կառուցվում է, համայնքային գույք է: Վարձակալությունն ավարտվելուց հետո դա դառնում է համայնքային գույք, դառնում է մերը: Արդեն այդ ժամանակ կորոշենք՝ քե անդում ենք, կանաչապատում ենք, թե տարածքը տալիս ենք վարձակալությամբ: Դա կորոշի այդ պահի գործող քաղաքային իշխանությունը: Սրանից լավ լուծում համայնքի համար անհնար է», - ասաց Մարությանը՝ հավելելով որ չեն կարող բուլդոզերներով մտնել և քանդել մարդու սեփականությունը, բայց եթե օրենքը նման լիազորություն տա, առաջինն ինքը կնստի բուլդոզերի ղեկին:

Մարությանը նշեցոր օրինակ՝ Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկը, որը, ամենայն հավանականությամբ, պատկանում էր Սամվել Ալեքսանյանին կամ իր հարազատներին, պետք է Կադաստրում գրանցվեր, բայց իրեն հաջողվել է դադարեցնել գործընթացը, ու վերադարձվել է համայնքին:

Մարությանը հայտնեց, որ նախորդ տարվա սկզբին բնապահպաններին խնդրել է գույքագրել մայրաքաղաքի այն ծառերը, որոնք կենսունակ չեն, և հնարավոր է ընկնեն, շուռ գան մեքենաների ու մարդկանց վրա: Արդյունքում՝ 437 ծառ է գույքագրվել, գրանցվել, ու սկսել են հատումները: Մարությանը հավելեց, որ գնահատումներն իրականացնում են մի քանի մասնագետներ և ոչ թե մի հոգի:

«Անում եմ ամեն ինչ, ինչ հնարավոր է եղած օրենքների ու իրավական ակտերի սահմաններում ու անելու եմ: Եթե կփոխվեն օրենքները, եթե փոփոխություններ կլինեն մոտեցումների մեջ, առաջինը ես կնստեմ բուլդոզեր կոչվածը, որովհետև ինձ համար գերակա է էս քաղաքի բնապահպանությունը:

 

 

Արմինե Գևորգյան