Բավ է պառակտվել
18-09-2020 13:40

Սա մաքսային տեռոր է․ շուկաների աշխատողները գործադուլ են անում

«Մարդկանց խաբում են, թե ամեն ինչ նորմալ է, ոչ մի բանն էլ նորմալ չէ, ոչ մի հարց էլ չի լուծվել: Այս մասին այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրուցում ասաց հագուստի և կոշիկի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողներից մեկը:

Նշենք, որ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են անում հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները։ Նրանք բողոքում են Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց հետևանքով ստիպված են ներկրված ապրանքն ավելի բարձր գնով մաքսազերծել։ Նշում են, որ այս պարագայում ստիպված են լինելու 6 անգամ ավելի թանկ վաճառել ապրանքը, իսկ գնորդներն այդքան հնարավորություն չունեն։

«Սա ընդամենը մաքսային տեռոր է, ժողովրդին մաքսային տեռորի են ենթարկում: Մենք լավ գիտենք, թե ինչ է եղել: Մինչև այս հարցը չլուծեն, խնդիրը չի վերջանալու: Մենք Կառավարությանը շանս ենք տալիս, որ վերանայեն հարցը»,- ասաց նա:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ նշեց, որ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի հետ զրույց չի եղել, պարզապես կտրուկ պատասխանել է, որ ոչ մի փոփոխություն չի լինելու, փոխզիջում չի լինելու։ 

Ակցիայի մասնակիցը նշեց, որ թե՛ մարզերում, թե՛ Երևանում մեծածախ և մանրածախ շուկաների աշխատողները գործադուլ են հայտարարել, շուկաները փակ են։

«Այսօր բողոքի ակցիան շարունակելու ենք, վարչապետը պետք է մեզ լսի: Շատ վիրավորված ենք, երբ վարչապետի հետևից գնալ էր պետք, գնում էինք, այդ ժամանակ լավն էինք, բայց չենք կոտրվի, կսպասենք, մինչև մեզ կլսեն»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ հիասթափվել չի ցանկանում, դրա համար ուզում է մտածել, որ այսօր կարող են հանդիպել Փաշինյանի հետ: