Բավ է պառակտվել
09-09-2021 18:08

Խաղողագործները փակել են Երևան-Երասխ ճանապարհը․ չեն կարողանում նորմալ գնով վաճառել խաղողը (տեսանյութ)

Խաղողագործները չեն կարողանում նորմալ գնով վաճառել խաղողը և պահանջում են պետությունից լուծել այդ ցավալի հարցը։

Արարատի մարզի Երևան-Երասխ ճանապարհի Տափերական գյուղի հատվածը փակած գյուղացիների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, մեկ քաղաքացի բերման է ենթարկվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները փակել են ճանապարհը և գինու-օղու ձեռնարկություններից պահանջում մթերել աճերացրած խաղողը։ Ոստիկանության մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Երևան-Երասխ ճանապարհից բերման է ենթարկվել մեկ քաղաքացի, վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածի՝ ոստիկանի պահանջը չկատարելու համար։ Դեպքի վայր է ժամանել նաև փոխմարզպետ Սերգեյ Ատոմյանը (նախկին պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքից): Նա բնակիչներին ասել է, որ կառավարությունը փորձում է բանակցել գործարանների հետ` նորմալ գնով մթերելու շուրջ:

«Այլ բան չեմ կարող ասել, ես չեմ որոշում: Բանակցությունները վարում են նախարարությունը և գործարանները», - հավելել է Ատոմյանը՝ հորդորելով գյուղացիներին ցրվել և չփակել երթևեկությունը:

Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում Տափերականի գյուղապետարանի աշխատակից Մուշեղ Ղազարյանն ասել է, որ գյուղացիներն անցյալ տարի նախնական պայմանագրեր են կնքել «Vedi Alco» ընկերության հետ: Այժմ ձեռնարկության ղեկավարությունն ասում է, որ չի կարող մթերել ամբողջ խաղողը։

Տափերականում նույնպես գործարան կա, բայց այն հրաժարվում է խաղող մթերել։ Տարածաշրջանում գործող մյուս ձեռնարկությունները համաձայն են ընդունել խաղողը, սակայն մեկ կիլոգրամի դիմաց 115-120 դրամով։ Գյուղացիներին այդ գինը ձեռնտու չէ, նրանք խնդրում են գնել գոնե 140-150 դրամով (28-30 ցենտ)։