«Սև կարապի» տեսության հայտնի հեղինակ, ֆինանսական գուրու, պրոֆեսոր Նասիմ Թալեբն ասել է, որ Ադրբեջանում կալանքի տակ գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին վերաբերվում են որպես «ահաբեկչի»։
«Հայաստանն օգնության կարիք ունի. Հենց նոր իմացա, որ իմ ընկեր Ռուբեն Վարդանյանը գտնվում է ադրբեջանական գերության մեջ։ Նա փոխեց իր կարիերան՝ վաճառականից/բարերարից դառնալով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ղեկավար։ Նրան չեն վերաբերվում նույնիսկ որպես ռազմագերու, այլ որպես «ահաբեկչի», - գրել է ֆինանսիստը X-ի իր միկրոբլոգում։
Ադրբեջանում գերության մեջ են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար և ՀՀ նախագահի նախկին օգնական Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։