Բավ է պառակտվել
10-06-2021 12:06

Ֆրանսիան բացում է սահմանները․ երկրի դեսպանությունը Հայաստանում ներկայացրել է մուտքի կարգը և վիզայի տրամադրումը վերսկսելու ընթացակարգը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ներկայացրել է Ֆրանսիայի սահմանների բացման և վիզաների տրամադրումը վերսկսելու կարգը։

Հունիսի 9-ից վերաբացվել է Ֆրանսիայի և օտարերկրյա պետությունների միջև ճանապարհորդների հոսքը՝ համաձայն փոփոխված ընթացակարգի, որը կախված է երրորդ երկրի սանիտարական վիճակից և ուղևորների պատվաստումներից: Հիմնվելով սանիտարական ցուցանիշների վրա՝ սահմանվել է երկրների դասակարգում, և ցանկացած ելք ու մուտք Հայաստանից Ֆրանսիա մնում է խստորեն վերահսկվող։ Հայաստանը դասակարգվում է նարնջագույն գոտում (վիրուսի ակտիվ շրջանառությունը վերահսկվող համամասնություններով, առանց մտահոգող տարբերակների տարածման):

Տեղեկացվում է, որ վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն, վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով:
Առաջին հնարավոր տարբերակ․ Pfizer, Moderna, AstraZeneca և Johnson & Johnson պատվաստանյութով պատվաստված անձինք իրավասու են մեկնել Ֆրանսիա՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող թռիչքից առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ անտիգենի բացասական թեստի թռիչքից առավելագույնը 48 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում:
Երկրորդ հնարավոր տարբերակ․ եթե անձը պատվաստված չէ, իրավասու է մուտք գործել Ֆրանսիա միայն այն դեպքում, եթե նրա ուղևորությունը ճանապարհորդելու հիմնավոր պատճառներից մեկի շրջանակներում է:
Պատվաստում չստացած անձինք Ֆրանսիա այցելելու համար պետք է նաև
լրացնեն Միջազգային ճանապարհորդական պարտադիր հայտարարագիր
ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող թռիչքից առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ անտիգենի բացասական թեստի թռիչքից առավելագույնը 48 ժամ վաղեմության սերտիֆիկատ (Սերտիֆիկատը ներկայացնել անգլերեն կամ ֆրանսերեն)
Ֆրանսիա ժամանելուն պես պարտավորվեն ինքնամեկուսանալ իրենց նախընտրած վայրում յոթ օր ժամկետով և լրացնել Հայտարարագիր
Ֆրանսիայի տարածք ժամանելուն պես անձը կարող է նաև ենթարկվել անտիգենի հետազոտության՝ պատահական ընտրության սկզբունքով։
Մուտքի արտոնագրի տրամադրման աստիճանաբար վերսկսումն իրականացվում է հետևյալ ժամանակացույցի համաձայն (ենթակա է փոփոխման)․
չորեքշաբթի, հունիսի 9-ից սկսած՝ երկարաժամկետ վիզայի բոլոր կատեգորիաների տրամադրման վերսկսում
երեքշաբթի, հունիսի 15-ից սկսած՝ կարճաժամկետ վիզաների տրամադրման վերսկսում Ֆրանսիայի քաղաքացիների ծնողների համար, ովքեր արդեն ունեն ժամկետանց ճանապարհորդական վիզա, և կներկայացնեն հյուրընկալման հրավերը
կարճաժամկետ վիզայի բոլոր կատեգորիաների տրամադրման վերսկսում – հաստատել ամսաթիվը:
Բոլոր տիպի վիզաների դիմումները ներկայացվում են միայն առցանց` FRANCE-VISAS կայքում, վիզային դիմորդների ընդունելությունն իրականացվում է բացառապես համապատասխան հավելվածի միջոցով՝ նախնական գրանցմամբ։