Բավ է պառակտվել
24-09-2019 16:20

Գեներալ Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է անձամբ ինձ համար․ Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի՝ կալանքի տակ մնալու վերաբերյալ հարցին։
«Ես ընդհանրապես մտահոգություն ունեմ իմ զինակցի այդ վիճակի հետ կապված»,- նշել է Տոնոյանը։ Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին՝ պաշտպանության նախարարը նշել է․ «Գեներալ Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է անձամբ ինձ համար եւ բոլոր երկրապահների համար»։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Դատարանը, այսօր էլ անհիմն լինելու պատճառաբանությամբ, մերժեց պաշտպանների՝ Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։
Դավիթ Տոնոյանը, անդրադարձավ նաև Վայոց ձորի մարզում տեղի ունեցած միջադեպին, ասաց, որ նախաքննության այս փուլում սխալ է գնահատական տալը:
«Բայց հետևողական ենք լինելու, որ ամեն ինչ պարզվի մինչև վերջ, և դատաքննության, նախաքննության փուլերում արդարությունը, ազնվությունը պետք է ապահովված լինի: Մենք իրականում հետևել ենք, քանի որ նա մեր գործընկերն է, և մեր զինակցի այդ վիճակը ոչ մարտական պայմաններում պետք է պատասխան ստանա»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ օրերս Եղեգնաձորում միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ ծանր մարմնական վնասվածք է ստացել ՊՆ փոխգնդապետ, ով, ի դեպ, դեպքի ժամանակ համազգեստով է եղել: Այժմ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում՝ կոմայի մեջ: Կատարվածի կասկածանքով ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: Միջադեպին ներկա է եղել նաև մարզպետ Տրդատ Սարգսյանը, ով երեկ որոշել է վայր դնել մարզպետի լիազորությունները:

 

Արմինե Գևորգյան