Բավ է պառակտվել
27-04-2022 13:34

Հայաստանի դատախազությունը պատասխանել է զոհված զինծառայողների ծնողներին

Արցախում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների կողմից նախօրեին Գլխավոր դատախազություն ներկայացված պահանջներին տրվել է օրինական ընթացք, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նախօրեին զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանում և հանդիպել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։ Նրանք մտադիր էին վերջինիս հանձնել նախապատրաստված բոլոր նյութերը, որոնք հիմնված են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վրա։ Դավթյանն առաջարկեց հանդիպել ծնողների առանձին խմբի հետ՝ տեղում չպատասխանելով նրանց հարցերին։ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն հայտարարեց, որ գլխավոր դատախազությունը հանցավոր անգործություն է դրսևորում։

Հայաստանի գլխավոր դատախազության մամլո ծառայությունը հայտնել է, որ ապրիլի 26-ին գերատեսչությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է:

Մասնավորապես, նկատի ունենալով, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցի հիման վրա 2020թ. նոյեմբերի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի «Պաշտոնեական լիազորությունների չարաշահում» հոդվածով հարուցված քրեական գործով քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հնարավոր կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել պատերազմի արդյունքի վրա, իսկ դատավարության մասնակից ճանաչելու վերաբերյալ ստացված պահանջի համաձայն՝ դրան կից ցուցակում նշված անձինք զոհվել են Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում՝ քրեական վերոնշյալ գործով հսկողություն իրականացնող դատախազը գրավոր ցուցում է տվել վարույթն իրականացնող մարմնին (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին) զոհված զինծառայողներին ճանաչել տուժող, իսկ պահանջ ներկայացրած նրանց ծնողներին, հարազատներին՝ տուժողի իրավահաջորդ:

Բացի այդ, ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է նաև առանձին պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում միացված վարույթով քննվող վերոնշյալ քրեական գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՔՕ «Պետական դավաճանություն», «Պաշտոնեական լիազորությունների չարաշահում» հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:

Հսկող դատախազի կողմից այս միջնորդությունն ուղարկվել է վերը նշված նույն գործով վարույթն իրականացնող քննիչին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ և 199-րդ հոդվածներով սահմանված կարգով քննարկելու նպատակով:

Միաժամանակ, հաղորդագրությունում հիշեցվում է, որ քրեական գործերի քննությունը, դրա օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունը, այդ շրջանակներում կայացվող դատավարական որոշումները կատարվում են բացառապես օրենքով սահմանված կարգով և չեն կարող կախված լինել հանրային գործընթացներից:

«Անթույլատրելի են իրավական դաշտից դուրս գտնվող ցանկացած գործոնով պայմանավորված՝ քննությունների ընթացի վրա ազդեցություն գործադրելու հրապարակային կոչերը: Դրանք չեն բխում իրավական պետության սահմանադրական հիմունքներից և քրեական արդարադատության շահերից»,- ասվում է հաղորդագրությունում։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ապրիլի 22-ին մեկնաբանել էր Արցախում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանցագործության մասին հաղորդման շուրջ ստեղծված իրավիճակը, նշելով. որ վարչապետի համապատասխան հայտարարությունները քրեական գործի առարկա կդառնան։ .

Դավթյանն ասել էր, որ վարչապետի կամ մեկ այլ անձի՝ քրեական գործին առնչվող ցանկացած հրապարակային խոսք կներառվի գործի մեջ, քանի որ այս հանգամանքները պետք է համեմատվեն, մարդիկ հարցաքննվեն։ Նա միաժամանակ հավելել էր, որ վարչապետը կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի։