Բավ է պառակտվել
09-08-2018 15:35

ՀՔԾ-ն ձերբակալել է Հենրիկ Աբրահամյանին, Հովիկ Աբրահամյանին մեղադրանք դեռ չի սպառնում (Տեսանյութ)

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում նախօրեին կատարված խուզարկության արդյունքում Հայաստանի ՀՔԾ-ն հայտնաբերել է մեծ քանակությամբ զենք: Զենքի և զինամթերքի ապօրինի ձեռքբերման և պահպանման կասկածով ձերբակալվել է նախկին վարչապետի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը:
Կառավարության այսօրվա նիստին Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայարարեց, որ Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք չի ներկայացվել:
"Հենրիկ Աբրահամյանը կասկածյալի կարգավիճակում է, քանի որ տեղեկություններ կան, որ կասկածյալն առնչություն է ունեցել մարտի 1- իրադարձությունների հետ, այսինքն՝ բացի բանակից և ներքին զորքերից ներգրավված են եղել նաև այլ զինված խմբեր. այս պահին այդ տեղեկությունները ստուգվում են", - ասել է Խաչատրյանը:
Նա նաև նշել է, որ մեղադրանք չի ներկայացվելու նաև Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:
"Մեղադրանք ներկայացնելու դեպքում համապատասխան հայտարարություն կարվի",- ասել է Խաչատրյանը:
Իր հերթին, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ ըստ օպերատիվ տվյալների գործարանում գտնված զենքն առնչություն ունի 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների հետ:
"Այդ զենքը կիրառվել է այն անձանց կողմից, որոնք ներգրավված չեն եղել իրավապահ համակարգում: Հայտնաբերվել է մոտ 300 փամփուշտ, որոնք բաց են թողնվել անհայտ զենքից",- ասել է նա լրագրողներին կառավարության նիստից հետո: