Բավ է պառակտվել
02-05-2019 21:01

Հերոսը չի սողում, ԱԱԾ-ն շոու է սարքել. Նազիկ Ամիրյան

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվել է ԵԿՄ նախկին նախագահ, վեցերորդ գումարման ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի և որդու` Արման Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:

Դատական նիստին Մանվել Գրիգորյանը ներկա չէր, նա արդեն մեկ ամսից ավելի գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Նիստին ներկա էր գեներալի կինը ՝ գործով մեղադրյալ Նազիկ Ամիրյանը: <<Միայն կարող եմ ասել,որ հերոսը չի սողում, ու եթե իրենց թվում է` պետք է չորեքթաթ գնար, ուրեմն ավելի լավա թող իրանք գնան>>, ասաց Նազիկ Ամիրյանը, անդրադառանով այն հարցին, թե ինչու քմծիծաղ տվեց, երբ դատախազներն ասացին, որ Մանվել Գրիգորյանը քրեակատարողական հիմնարկից դուրս գալիս առողջ տեսք ուներ:

Ամիրյանը,ով լրագրողների հետ զրույցում շոու որակեց իրենց պատկանող տարածքում հայտնաբերվածի մասին՝ Ազգային անվտանգության ծառայության հրապարակած տեսանյութը։ «Կադրեր, շոու սարքելը շատ լավ բան ա, իսկ ապացուցելը հետո կերևա՝ դատարանում», - «Շատ կներեք, այդ զենք-զինամթերքը բոլորն օրինական են»։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնաբերել էր «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով արկղեր, որոնցից շատերում դեռ մնացել էին զինվորներին հասցեագրված դպրոցականների նամակները։ Այսօրվա նախնական դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմը կրկին միջնորդեց փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը՝ առողջական խնդիրների հիմնավորմամբ:

Մեղադրող դատախազը հակադարձեց պաշտպանական կողմին: Պաշտպան Լևոն Բաղդասարյանը թվարկեց Մանվել Գրիգորյանի բոլոր հիվանդությունները` թոքի քաղցկեղ, շաքարային դիաբետ, հիշեցրեց, որ նա Արցախի հերոս է, ունի անչափահաս երեխա և խնդրեց փոխել նրա կալանքը, որպեսզի Մանվել Գրիգորյանը դատարանում խոսելու հնարավորություն ունենա: Դատախազը նշեց սակայն, որ իրենց տեղեկություններով Մանվել Գրիգորյանը բազմիցս հրաժարվել է սնվել շաքարային դիաբետին համապատասխան սննդակարգով:

Բացի այդ, նա տնից ստացել է հանձնուք, որը չի պարունակել շաքարային դիաբետին հատուկ սննդամթերք: Նա հրաժարվել է նաև տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Ասաց նաև,որ Մանվել Գրիգորյանն ապաքինվել է թոքերի քաղցկեղից՝ նշելով, որ որոշակի պարամետրեր կան, որոնց համաձայն նա այլևս քաղցկեղ չունի։

Պաշտպանական կողմը արձագանքեց այս հայտարարությանը:  <<Ինչպե՞ս կարող է դա տեղի ունենալ, եթե մարդու թոքերի մի հատվածը չկա և թոքը չի կարող աճել>>,- ասաց պաշտպանը: Այնուհետև պաշտպան Լևոն Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց ինքնաբացարկի բանավոր միջնորդություն:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը:

Պաշտպան Կարեն Քամալյանը միջնորդեց դատական նիստերն անցկացնել դռնփակ, քանի որ դատաքննության ընթացքում պարբերաբար հրապարակվելու են ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Նշենք,որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

 

Արմինե Գևորգյան