Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը դժգոհություն է հայտնել իրավապահ մարմինների, այդ թվում` իր ղեկավարած գերատեսչության աշխատանքից:
“Որոշակի անկում կա մեր գործունեության սկզբում գրանցված տեմպերի և աշխատանքի համեմատ: Դա բացատրվում է նրանով, որ պետք է լինեն ավելի ամուր իրավական հիմքեր, որպեսզի մեր կողմից բացահայտված որևէ գործ հնարավոր չլինի բողոքարկել հետագայում և ասել, որ մենք վարվել ենք քմահաճույքով”, - ասել է նա ուրբաթ լրագրողներին։
Ըստ Վանեցյանի, ԱԱԾ-ն աշխատում է բացառապես օրենքի շրջանակներում և փորձում է այնպես անել, որ օրենքի պահանջները բոլորը կատարեն։
“Տարվում են աշխատանքներ, կարծում եմ, որ դեռևս կլինեն հնչեղ բացահայտումներ”,-ասել է նա։
Մարտի 6-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից դժգոհություն է հայտնել Հայաստանի թալանի համար պատասխանատու անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու տեմպերից։