Բավ է պառակտվել
18-04-2019 20:30

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել, նրա պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցվել է

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տեղեկատվական կենտրոնից հայտնել են, որ ապրիլի 18-ին Հայաստանի պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել։

Մեղադրանքը ներկայացվել է Հայաստանի Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում)։

Մեղադրանքն առաջադրվել է փետրվարի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա։

Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք վկայում են այն մասին, որ Սանասարյանը, հանդիսանալով պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։ Որոշումն ուղարկվել է Հայաստանի վարչապետին:

Ավելի վաղ, ս․թ․փետրվարի 28-ին տեղեկացվել էր, որ կոռուպցիայի կասկածանքով կալանավորվել է Հայաստանի պետական վերահսկողության երեք աշխատակից։ ԱԱԾ-ն տվյալներ էր ստացել պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի մասին։