Բավ է պառակտվել
30-09-2016 13:45

Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մրցավազքը չի դադարի. փորձագետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մրցավազքը չի դադարի, այսօր լրագրողներին ասել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«ՀՀ Անկախության 25-ամյակի առիթով երևանյան զորահանդեսը, մասնավորապես, «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի ցուցադրումը մեծ աղմուկ առաջացրեց ոչ միայն Ադրբեջանում, այլև կարելի է ասել ամբողջ աշխարհում: Եվ դրանից հետո Ադրբեջանը շատ ակտիվ սկսեց ապացուցել, որ ինքը հետ չի մնում սպառազինության մրցավազքում ու սկսեց հրապարակել ինչ-որ գործարքների, գնումների մասին հայտարարություններ, հրթիռա-հրետանային զորքերի հապճեպ զորավարժություն անցկացրեց, ընդ որում՝ վերջինին վերագրվող հրապարակված լուսանկարներից մեկը 2014-ի զորավարժություններից էր», - ասել է Վրթանեսյանը:

Կարեն Վրթանեսյանը կարծում է, որ «Իսկանդերը» և սպառազինությունների մրցավազքը չեն կարող վերջնականապես լուծել Ղարաբաղի հիմնահարցը:

Նա նաև մեկնաբանեց հնչող հայտարարություններն այն մասին, թե այդ հրթիռները երբեք չեն օգտագործվի, այլ ընդանմենը զսպման մեխանիզմներ են. «Տեղեկություն կա, որ ապրիլյան իրադարձությունների (Ղարաբաղում) ժամանակ, դրանք մարտական պատրաստվածության էին բերված», - ասել է Վրթանեսյանը:

Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 25–ամյակին նվիրված զորահանդես, որի ընթացքում ներկայացվեցին «Իսկանդեր» օպերատիվ–մարտավարական հրթիռային համակարգերը, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, «Տոչկա-Ու» և «Էլբրուս» մարտավարական հրթիռային համակարգերը, С-300 զենիթահրթիռային համալիրները, 152-մմ «Գիացինտ» թնդանոթը` կրակի բարձր հեռավորությամբ, ռադիոէլեկտրոնային պայքարի կայաններ, տանկեր, հետևազորի մարտական մեքենաներ, ինքնագնաց հրետանային կայաններ, հակատանկային և դաշտային հրետանի, «Գրադ» ՀԿՌՀ-ներ, WM-80, ՀՕՊ համակարգեր, հայկական արտադրության անօդաչու թռչող սարքեր և այլն։