Բավ է պառակտվել
15-11-2018 17:34

Ռուսաստանի Պետդուման ընդունել է ինքնազբաղվածների հարկման մասին օրենք

Ռուսաստանի Դաշնության Պետդուման երրորդ, վերջնական ընթերցմամբ ընդունել է ՌԴ երեք մարզերում մասնագիտական զբաղվածության հարկման (ինքնազբաղվածների մասին օրենք) փորձնական ներդրման մասին օրենքների փաթեթը:
Օրենքը ենթադրում է, որ 2019թ. հունվարի 1-ից մինչև 2028թ. դեկտեմբերի 31-ը Մոսկվայում, Մոսկվայի և Կալուգայի մարզերում, ինչպես նաև Թաթարստանի հանրապետությունում կգործի մասնագիտական (գործունեությունից ստացվող-թարգ.) եկամտի հարկ:
Հարկադրույքը սահմանվել է 4 %՝ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, գույքային իրավունքի) իրացումից ֆիզիկական անձանց ստացված եկամտի համար և 6%՝ անհատ ձեռներեցների և իրավաբանական անձանց համար:
Տվյալ հարկը կիրարկելու եկամտի շեմ է սահմանվել է ոչ ավելի, քան տարեկան 2.4մլն. ռուբլին (ամսական 200հազ. ռուբլի):
Նոր ռեժիմից կարող են օգտվել ֆիզիկական անձինք (այդ թվում և ԱՁ-ները), որոնց եկամուտը գոյանում է գործունեությունից, պայմանով, որ նրանք չունեն գործատու և չեն ներգրավում վարձու աշխատողներ՝ աշխատանքային պայմանագրերի հիման վրա: Oրենքում հստակեցվել է, որ մասնագիտական եկամուտ է համարվում նաև գույքն օգտագործելուց ստացված եկամուտը: Նաև նշվել է, որ նոր կարգից կարող են օգտվել անհատ ձեռներեցները, բայց միայն այն դեպքում, եթե նրանց գործունեությունը չի պահանջում որպես ԱՁ պարտադիր գրանցում:
Ֆիզիկական անձանց և ԱՁ-ների գրանցումը նախատեսվում է իրականացնել "Իմ հարկը՞ բջջային հավելվածի միջոցով՝ առանց հարկային մարմին այցելության: Հաշվարկների ժամանակ բջջային հավելվածի միջոցով գնորդին տրամադրվում է հարկային կտրոն, որի տվյալներն ավտոմատ կերպով փոխանցվում են հարկային մարմին: Նախատեսված է նաև հարկատուի փոխգործակցությունը հարկային մարմնի հետ էլեկտրոնային պլատֆորմի օպերատորի կամ վարկային կազմակերպության միջոցով:
Օրենքն ունի մի շարք բացառություններ: Հարկային նոր ռեժիմից չեն կարող օգտվել անձինք, ովքեր զբաղվում են ակցիզային հարկ կամ պարտադիր մակնշում պահանջող ապրանքատեսակների իրացմամբ: Օրենքը չի տարածվում նաև “ապրանքների, գույքային իրավունքի վերավաճառքով զբաղվող աձանց”, ինչպես նաև “օգտակար հանածոների արդյունահանման կամ վաճառքի մեջ ներգրավված անձանց” վրա:
Արբիտրաժային կառավարիչները, միջնորդները, գնահատողները, մասնավոր պրակտիկայով զբաղվող նոտարները, իրավաբանները չեն կարող մասնակցել մասնագիտական եկամտի հարկի փորձնական ներդրման գործընթացին:
Հարկավորման փորձնական ռեժիմին անցած քաղաքացիները մասնագիտական եկամուտների մասով ազատվում են ֆիզիկական անձանց եկամտահարկից (ՖԱԵ): Նրանք նաև չեն վճարում ԱԱՀ, բացառությամբ Ռուսաստանի Դաշնություն ապրանքներ ներմուծելու դեպքերից:

Հարկի վճարման կանոնները
Հարկը վճարվում է ոչ ուշ, քան անցած ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը: Հարկային ժամկետն օրացուցային ամիսն է: Բացի այդ, հարկ վճարողները իրավունք ունեն պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համար վճարել կամավոր հիմունքով ապահովագրավճարներ` այդ վճարների առավելագույն գումարի սահմանափակմամբ: Այս ռեժիմին անցած անձինք իրավունք ունեն կատարել հարկերի նվազեցում ՝ ոչ ավելի, քան տաս հազար ռուբլու չափով:
Արտոնյալ դրույքաչփով չհարկվող եկամուտների ցանկում ներառված են անշարժ գույքի, տրանսպորտային միջոցների վաճառքից, արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների իրացումից, կազմակերպությունների հիմնադիր կապիտալի բաժնեմասերի, կոոպերատիվների փոխադարձ հիմնադրամների և ներդրումային փոխադարձ հիմնադրամների բաժնեմասերի վաճառքից ստացված եկամուտները:
Նոր ռեժիմին անցնելիս քաղաքացին պետք է նշի իր գործունեությունն իրականացնելու տարածաշրջանը: Եթե գործունեությունն իրականացվում է մի քանի մարզում, ապա քաղաքացին ինքն է որոշում, թե որտեղ պետք է գրանցվի: Միևնույն ժամանակ, բիզնեսի վայրը կարող է փոփոխվել ոչ ավելի, քան մեկ անգամ օրացուցային տարվա ընթացքում: Հարկ վճարողն իրավունք ունի ճշգրտել հարկային մարմնին նախկինում փոխանցված գումարների մասին տեղեկությունները`դրամական միջոցների վերադարձի դեպքում:
Փորձաշրջանի 1-ին տարվա ընթացքում ի սկզբանե սահմանված հարկային դրույքները չեն կարող բարձրացվել, նաև չի կարող նվազեցվել եկամուտների առավելագույն չափը (օրացուցային տարում 2,4մլն․ ռուբլի)։ Համաձան օրենքի ընդունված տարբերակի, նախատեսվում է մարզային բյուջեներ ուղղել ներդրված հարկից ստացված եկամուտների 63%-ը, իսկ պարտադիր բժշկական ապահովագրության (ՊԲԱ) դաշնային հիմնադրամի բյուջե՝ 37%-ը։

Տույժերի մասին
Օրենքը նախատեսում է տույժեր՝ հարկ վճարողից հարկային մարմնին ֆիսկալ կտրոնի փոխանցման կարգը խախտելու (կամ չփոխանցելու) դեպքում։ Հարկատուների համար տույժի գումարը հավասար է այն գումարի 20%-ին, որի համար սահմանված կարգով ֆիսկալ կտրոն չի ձևակերպվել։ Վեց ամսվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում տուգանքը հավասար կլինի ամբողջ գումարին, որի համար սահմանված կարգով ֆիսկալ կտրոն չի ձևակերպվել։
Հստակեցվում է, որ հարկային մարմինների տեղեկատվական համակարգում տեխնիկական խափանումների դեպքում, որոնք հանգեցնում են հարկատուների կողմից տվյալների փոխանցման անհնարինությանը՝ նրանց պարտավորությունները համարվում են կատարված՝ առանց ժամկետի խախտման, պայմանով, որ դրանք կատարվել են ոչ ուշ, քան խափանման հաջորդ օրը։ Ավելի վաղ, Պետդումայի բյուջետային հանձնաժողովում օրինագծի քննարկման ժամանակ կոմիտեի նախագահ Անդրեյ Մակարովը հավաստիացրել է, որ հարկային ծառայության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձաշրջանի առաջին տարվա ընթացքում տույժեր չկիրառելու մասին։
“Մենք համաձայնել ենք հարկային ծառայության հետ, որ նա պարզապես չի կիրառի տույժեր առնվազն փորձաշրջանի առաջին տարում”,- ասել է Մակարովը։

Հրաժարվել են ֆինանսավորել հանրային իրազեկումը
Երկուշաբթի օրը, 2019-2021թթ դաշնային բյուջեի ուղղումների և փոփոխությունների քննարկման ժամանակ Տնտեսական զարգացման նախարարությունը առաջարկել է 2019թ․հատկացնել 215մլն., 2020թ.՝ 430մլն., իսկ 2021-ին `400 միլիոն ռուբլի ինքնազաբղվածության ինստիտուտի դաշնային տեղեկատվական արշավ անցկացնելու համար։
“Մենք ելնում էինք այն փաստից, որ ինքնազբաղվածների ռեժիմը սկզբունքորեն նոր երևույթ է, որը մինչ այժմ գույություն չի ունեցել հայրենական օրենսդրության մեջ, դա բացարձակապես նոր երևույթ է, և մեր նոր ռեժիմին քաղաքացիների անցումը խթանելու համար հարկավոր է իրականցնել հատուկ բացատրական միջոցառումներ”,- ասել է Տնտեսական զարգացման նախարարության փոխնախարար Վադիմ Ժիվուլինը։
Այս դիրքորոշումը չի ընդունվել ֆինանսների նախարարության կողմից: “Ինչ վերաբերում է օրենքին իրազեկմանը, ապա սովորական միջոցներով, այդ թվում՝ պետական աջակցություն ունեցող դաշնային հեռուստաալիքների, պետական զանգվածային լրատվամիջոցների օգնությամբ մենք կկատարենք անհրաժեշտ աշխատանքը քաղաքացիներին բացատրելու, որ նման պարզեցված և արտոնյալ ռեժիմի դեպքում կարևոր է հետևել օրենքի պահանջներին և լինել օրինապահ, այլ ոչ թե անընդհատ գտնվել ռիսկային գոտում”, - ասել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Տատյանա Նեստերենկոն:
Արդյունքում, ետ է կանչվել ինքնազբաղվածության ռեժիմի իրազեկման համար միջոցներ հատկացնելու մասին ուղղումը: