Բավ է պառակտվել
25-03-2021 13:25

Այսուհետ պետական դավաճանությունը Հայաստանում պատժվելու է ցմահ ազատազրկմամբ

Հինգշաբթի օրը կայացած նիստում Հայաստանի խորհրդարանը երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց Քրեական օրենսգրքում փոփոխությունները: Նախագծի համահեղինակներն են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը (խորհրդարանի փոխխոսնակ), Նաիրա Զոհրաբյանը և Իվետա Տոնոյանը:

Ներկայացնելով փոփոխությունները, Վահե Էնֆիաջյանը հայտնեց, որ օրինագժով նախատեսվում է ցմահ ազատազրկում այնպիսի հանցագործությունների համար, ինչպիսիք են պետական դավաճանությունն ու լրտեսությունը:

Մասնավորապես, պետական դավաճանության համար սահմանվում է 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Լրտեսության համար նախատեսվում է 12-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:

«Սա ամենասարսափելի հանցագործությունն է, և համապատասխանաբար պատիժը պետք է լինի ամենախիստն», - ասաց Էնֆիաջյանը:

Պատգամավորների տվյալներով, վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում հարուցվել է շուրջ 13 քրեական գործ դավաճանության և լրտեսության հոդվածով, իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ օրս՝ շուրջ 1300 քրեական գործ:

Մինչ այդ գործող օրենսդրությամբ դավաճանությունը պատժվում էր ազատազրկմամբ՝ 10-ից 15 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, իսկ լրտեսությունը պատժվում էր ազատազրկմամբ՝ 8-ից 15 տարի ժամկետով: