Բավ է պառակտվել
19-03-2019 20:41

Վայոց Ձորում կկառուցվի Հայաստանում ամենախոշոր “Թուֆենկյան” հյուրանոցը

 

Երեքշաբթի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է հայազգի ամերիկացի գործարար, բարերար և հայտնի ոճաբան Ջեյմս Թուֆենկյանին, հայտնել է կառավարության մամլո ծառայությունը։

Փաշինյանը ողջունել է Թուֆենկյանի գործունեությունը Հայաստանում և Արցախում, նշելով, որ “Թուֆենկյան” հիմնադրամի միջոցով տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը մեծ նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի զարգացման համար։

Վարչապետը նշել է, որ տնտեսական հեղափոխության շրջանակներում կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում բիզնես միջավայրի աստիճանական բարելավման, բիզնես նախաձեռնությունների խթանման, օրենսդրական կարգավորումների պարզեցման և մի շարք այլ ոլորտներում, որոնք կդյուրացնեն Հայաստանում բիզնես գործունեությունը և կխթանեն ներդրումների ներգրավումը։

Փաշինյանը նշել է, որ կառավարության առաջնահերթ խնդիրներից է երկրում նախաձեռնողականության խթանումը, քանի որ խնդիրների լուծման կարելի է հասնել միայն աշխատանքի միջոցով:

Թուֆենկյանը նշել է, որ Սփյուռքում խանդավառությամբ և հպարտությամբ են հետևում Հայաստանում կատարվող փոփոխություններին, և սփյուռքահայության շրջանում մեծ ցանկություն և հետաքրքրրություն կա՝ այցելել Հայրենիքը, տեղում ծանոթանալ ընթացող գործընթացների հետ, մասնակցել երկրի զարգացման ծրագրերում և աջակցել կատարվող բարեփոխումներին։

Նա նշել է, որ իր փորձով կարող է ներկայացնել այն դրական փոփոխությունները, որոնց հետ անձամբ է առնչվել, այն է՝ նոր մշակույթի ներդրում բիզնես գործունեության մեջ, գործարարությամբ զբաղվելու համար առկա կարգավորումների էական դյուրացում և այլն: Ըստ Թուֆենկյանի, նշված բարեփոխումները մեծ նշանակություն ունեն ներդրումների ներգրավման առումով, և արդեն իրականացված նորարարությունները դրական լուրջ խթան են բիզնեսի համար։

Վարչապետը և բարերարը քննարկել են “Թուֆենկյան” հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը, մասնավորապես, անդրադարձել են Վայոց Ձորի Արենի համայնքում հյուրանոցային համալիրի կառուցման ներդրումային ծրագրին։

Փաշինյանն ընդգծել է հյուրանոցի շինարարության կարևորությունը, նշելով, որ այն կհանգեցնի դրական շղթայական էֆեկտի ոչ միայն Արենիի, այլև հարևան համայնքների համար, կբարելավի Վայոց Ձորում բիզնես միջավայրը, կխթանի ներգնա և արտագնա զբոսաշրջությունը, կնպաստի տնտեսական ակտիվացմանն ու ենթակառուցվածքների բարելավմանը։

Թուֆենկյանը նշել է, որ կառուցվող “Թուֆենկյան” հյուրանցն ամենախոշորը կլինի Հայաստանում, նախատեսվում է այն շահագործման հանձնել երկու տարուց։ Նա շեշտել է, որ պատրաստ է շարունակել զարգացման ծրագրեր իրականացնել Հայաստանում և Արցախում և օժանդակել կառավարությանը բարեփոխումների իրականացման հարցում։

Զրուցակիցները նաև կարծիքներ են փոխանակել նոր ծրագրերի իրականացման հեռանկարների մասին։

Գործարար Ջեյմս Թուֆենկյանը ներդրումներ է կատարում ու ծրագրեր իրականացնում Հայաստանում և Արցախում Tufenkian Foundation հիմնադրամի միջոցով։ Հայաստանում հիմնադրամի ծրագրերն ուղղված են աղքատության հաղթահարմանը, կրթական հնարավորությունների ստեղծմանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը, սոցիալական արդարությանը, մարդու իրավունքներին և այլն։ Հիմնադրամը իրականացրել և իրականացնում է լայնածավալ ենթակառուցվածքային նախագծեր և ծրագրեր Արցախում։