Բավ է պառակտվել
01-03-2020 13:43

Կորոնավիրուսի կասկածով 32 մարդ մեկուսացվել է Ծաղկաձորի “Գոլդեն Փելես” հյուրանոցում

Կորոնավիրուսի կասկածով 32 քաղաքացի մեկուսացվել է և գտնվում է Ծաղկաձորի “Գոլդեն փելիս” հյուրանոցում, հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

“Գոլդեն Փելես” հյուրանոցում մեկուսացվել է կորոնավիրուսի կասկածով 32 մարդ։ Հորդորում եմ քաղաքացիներին չխոչընդոտել մեր աշխատանքներին”, - ասել է նա կիրակի կայացած մամլո ասուլիսին։

Կիրակի գիշերը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք։ Հիվանդը Հայաստանի 29-ամյա քաղաքացի է, ով երկիր է ժամանել Թեհրանից փետրվարի 28-ին իր կնոջ հետ։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ կմեկուսացվեն հիվանդի հետ ռիսկային շփման մեջ գտնված անձինք։ Նա հայտնել էր նաև, որ Իրանից ժամանելուց հետո հիվանդը տաքսի չի նստել, օդանավակայանից տուն է մեկնել նույն չվերթով ժամանած ծանոթի ավտոմեքենայով, իսկ տնից հիվանդանոց է տեղափոխվել Շտապ օգնության մեքենայով։

2019 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել աճուրդի հանել Ծաղկաձորում գտնվող “Գոլդեն Փելես” հյուրանոցային համալիրը, որը մեկ տարի առաջ դրա նախկին սեփականատերը՝ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը նվիրաբերել էր պետությանը: 2018 թվականի հոկտեմբերին ԱԱԾ-ն Ավետիսյանի դեմ հարուցել է քրեական գործ՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու և հանցավոր միջոցներով ձեռք բերված փողերի լվացման մեղադրանքով: Ավելի վաղ, Հայաստանի պետական գույքի կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը նշել էր, որ համալիրը գնահատվել է 16,5 միլիոն դոլար, բայց աճուրդը, որը նախատեսվում էր անցկացնել նախորդ տարվա դեկտեմբերին, չի կայացել հայտեր չլինելու պատճառով: