Բավ է պառակտվել
08-09-2020 11:44

Եվրոպայում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների 97 տոկոսը մերժվում է․ Արմեն Ղազարյան

Եվրոպական երկրներում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) ոլորտում ՀՀ քաղաքականությունը միտված է ԵՄ անդամ երկրների հետ միգրացիայի ոլորտում համագործակցության սերտացմանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

«Անօրինական միգրացիայի դեմ պայքարը խիստ կարևորվում է, և համապատասխան արձանագրությունների վավերացումը դրական ազդեցություն կունենա այդ համագործակցության ընդլայնման և խորացման վրա: Արձանագրություններն ուժի մեջ կմտնեն ՀՀ-ԵՄ հետընդունման հարցերով համատեղ կոմիտեի կողմերին անհրաժեշտ ներքին ընթացակարգերի՝ ավարտման մասին ծանուցելուց հետո ՝ երկրորդ ամսվա առաջին օրը», - ասաց բանախոսը:
Արմեն Ղազարյանը նշեց,որ Եվրոպայում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների 97 տոկոսը մերժվում է։ դեպքերի մեծ մասում պարզվում է, որ ՀՀ քաղաքացիները սեփական երկրում քաղաքական հետապնդման չեն ենթարկվում, ինչն էլ հիմք է հանդիսանում՝ դիմումները մերժելու:

Ինչ վերաբերում է բուժումը եվրոպական երկրներում կիսատ թողած և հետ վերադարձված ՀՀ քաղաքացիներին, ապա, բանախոսի հավաստմամբ, շատ դեպքերում վերջիններիս հոսպիտալացումը կատարվում է հենց օդանավակայանից:

Նշենք, որ հանձնաժողովի նիստի ավարտին քվեարկության դրվեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության, Բենիլյուքսի երկրների և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիրը կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին որոշումները: Բոլոր երեք որոշումները միաձայն ընդունվեցին:
Արմեն Ղազարյանը նշեց,որ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) ոլորտում Հայաստանի համար հատկապես կարևոր են Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդերլանդների և Բելգիայի հետ հարաբերությունները, քանի որ ամենամեծ թվով ապօրինի ներգաղթյալների հետընդունումը կատարվում է հենց այս երկրներից։

«2017-2018-ին ավելի շատ խնդիրներ կային Գերմանիայի հետ, բայց այժմ թրենդը փոխվել է և միգրացիոն հարցեր ավելի շատ Ֆրանսիայի հետ ունենք», - ասաց նա:

Արմեն Ղազարյանը միաժամանակ տեղեկացրեց, որ կորոնավիրուսային համավարակի ամիսներին եվրոպացի գործընկերների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, և այս ընթացքում չարտերային թռիչքներով վերադարձ չէր իրականացվում:

«Այժմ սկսում ենք ազդակներ ստանալ, որ եվրոպական երկրների կողմից ցանկություն կա կազմակերպել այդպիսի չարտերային թռիչքներ»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահին Հայաստանը հետվերադարձի վավերացված համաձայնագրեր ունի երեք երկրի՝ Ֆրանսիայի, Չեխիայի և Էստոնիայի հետ:

Արմեն Ղազարյանն ընդգծեց, որ վերադարձած ապօրինի ներգաղթյալ ընտանիքներին վեց ամսվա կտրվածքով տրամադրում են 60 հազար դրամ՝ բնակարան վարձակալելու նպատակով, աջակցում ներդրումներ կատարելու և բիզնես սկելու գործում: