Բավ է պառակտվել
24-03-2020 19:57

ՀՀ քաղաքացիները պետք է փողոց դուրս գան միայն անձնագրով և ծայրահեղ անհրաժեշտության դեպքում

Երեքշաբթի հանրապետության բնակչությանն ուղղված ուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով սահմանվել են նոր սահմանափակումներ քաղաքացիների տեղաշարժի և տնտեսական գործունեության վարման նկատմամբ:

“Այս պահի դրությամբ կորոնավիրուսի դեպքեր ունենք Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում”,- ասել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, հայտնի է դեպքերի մեծամասնության ծագումնաբանությունը։

“Կորոնավիրուսի տարածման երեք զարգացող ճյուղ ենք ունեցել՝ Իրանից ժամանած մեր հայրենակիցները, Էջմիածնից ժամանած մեր հայրենակիցները և Երևանի արտադրամասի մեր հայրենակիցները: Ըստ էության, մեր գործողությունների արդյունքում հաջողվեց կանգնեցնել Իրանի և Էջմիածնի ճյուղերի հետագա զարգացումը, սակայն, ըստ երևույթին, Երևանի արտադրամասի ճյուղն ունեցավ անվերահսկելի զարգացում, քանի որ դեպքեր արձանագրվեցին Երևանի և Չարենցավանի այլ արտադրամասերում”, - ասել է նա։

Դրանով պայմանավորված՝ Փաշինյանը հայտնել է ավելի խիստ սահմանափուկումներ կիրառելու անհրաժեշտության մասին։

- կդադարեցվի հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը, կթույլատրվի միայն կենսական կարևոր նշանակության գորունեություն ունեցող ընկերությունների աշխատանքը

- թույլատրվում է քաղաքացիների տեղաշարժը՝ պայմանավորված կենսական անհրաժեշտությամբ

- փողոց դուրս գալիս պետք է ունենալ անձնագիր կամ նունյականացման քարտ

- փողոց դուրս գալը պետք է հիմնավորված լինի կենսական անհրաժեշտության հանգամանքներով

- պարետատունը կմշակի պարտադիր լրացման ենթակա տեղաշարժման թերթիկ

- արգելվում են հավաքները 2 հոգուց ավել խմբերով, այդ թվում՝ բակերում և զրուցարաններում

- առնվազն մեկ շաբաթով դադարեցվում է բոլոր ռեստորանների և սրճարանների աշխատանքը

- կշարունակեն աշխատել պարենային խանութները, դեղատները և բանկերը

- ժամը 10։00-ից 12։00 բոլոր խանութները, դեղատները և բանկերը կսպասարկեն միայն 65 նտարեկանից բարձր քաղաքացիներին

- տանը գտնվելիս անհրաժեշտ է պահպանել հիգիենայի կանոնները և հետևել առողջապահության նախարարության խորհուրդներին։

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ։

Մարտի 24-ի, ժամը 18։00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 249 դեպք։ Չորս հիվանդ առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցից։

Արձանագրվել է հիվանդության տարածման երեք օջախ՝ Իրանից ժամանած քաղաքացին, նշանդրեքը Էջմիածին քաղաքում և Երևանի արտադրամասը:

Վարակվածների թվում են Իրանից և Իտալիայից ժամանած Հայաստանի քաղաքացիներ (Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ), նրանց հետ շփման մեջ գտնվող անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից մեկ այցելու: