Բավ է պառակտվել
19-01-2017 17:51

ՀՀ քաղաքացիները կկարողանան Էմիրատներ մեկնել առանց մուտքի արտոնագրի

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել Արաբական Միավորված Էմիրությունների հետ մուտքի արտոնագիր ունենալու պահանջները չեղյալ հայտարարելու համաձայնագրի ստորագրմանը:

Ինչպես նշեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, որոշման ընդունումից հետո երկու երկրների քաղաքացիները կկարողանան փոխայցեր կատարել առանց մուտքի արտոնագրի: «Համաձայնագրի հիմնական նպատակը զբոսաշրջության և ԱՄԷ-ի հետ առևտրական կապերի զարգացումն է», - ասաց Քոչարյանը:

Նախորդ նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Դուբայում (ԱՄԷ) գլխավոր հյուպատոսության ստեղծման որոշմանը, ինչը բացատրվում է Հայաստանի և Պարսից Ծոցի երկրների միջև հարաբերությունների ամենամյա առաջընթացով և զարգացմամբ:

ԱԳՆ տվյալներով, ԱՄԷ-ում, մասնավորապես Դուբայում, բնակվում է 2,5-3 հազար ՀՀ քաղաքացի: Հյուպատոսության ստեղծումը թույլ կտա բացի ուղիղ հյուպատոսական հարցերից իրականացնել նաև առևտրատնտեսական և ներդրումային նախագծեր: