Բավ է պառակտվել
19-01-2017 16:14

ՌԴ քաղաքացիները արդեն ամռանը կկարողանան այցելել Հայաստան ներքին անձնագրերով. ԱԳՆ

ՌԴ քաղաքացիները արդեն ամռանը կկարողանան այցելել Հայաստան ներքին անձնագրերով, հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել Ռուսաստանի հետ առանց մուտքի արտոնագրի համաջայնագրի մեջ լրացումներ անելու առաջարկին:

Ինչպես պարզաբանեց փոխնախարարը, նախատեսվում է, որ ՌԴ քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել ներքին անձնագրերով:

«Այս որոշումը զգալիորեն կհեշտացնի ռուսների համար փաստաթղթերի ձևակերպումը և նպատակ ունի ավելացնել Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջության հոսքը», - ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով, փոփոխությունների գործընթացը կիրականացվի առաջիկայում` հայտագրերի փոխանակման միջոցով:

«Դրանից հետո երկու կողմերը պետք է զեկուցեն բոլոր ներպետական ընթացակարգերի ավարտի մասին, և փոփոխությունները ուժի մեջ կմտնեն: Կարծում եմ, որ մինչև ամառ բոլոր ընթացակարգերը կավարտենք», - ասաց Քոչարյանը:

2015 թ.-ի սեպտեմբերին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ժամանակ առաջարկել էր դիտարկել ՌԴ քաղաքացիներին առանց մուտքի արտոնագրի, ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորությունը, ինչը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, քանի որ, վարչապետի տվյալներով, ՌԴ քաղաքացիների միայն 10 տոկոսը արտասահմանյան անձնագիր ունի: Վարչապետը հարկ էր համարում քննարկել հարցը Ռուսաստանի հետ ԵՏՄ–ի շրջանակում և լուծում գտնել` ռուսների մուտքը Հայաստան հեշտացնելու համար: