Բավ է պառակտվել
27-06-2022 11:43

Իրանի քաղաքացին փորձել է 3կգ ափիոն արտահանել Հայաստանից Ավստրալիա

Հայաստանի ԱԱԾ-ն առանձնապես կանխել է խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք, որում ներգրավված են Իրանի երկու քաղաքացի։

Գերատեսչության տվյալներով, ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ծառայողները 2022 թվականի հունիսի 20-ին ԻԻՀ քաղաքացի Բ. Զ-ի կողմից «Հայփոստ» ՓԲԸ-ին հանձնված, Ավստրալիական Միություն ուղարկվող առաքանիում հայտնաբերել են ստվարաթղթե արկղի սնամեջ կողային հատվածներում թաքնված առանձնապես խոշոր չափերի՝ 3025,76 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց:

«Հարուցված քրեական գործի շրջանակներում Բ. Զ-ն նույն օրը հայտնաբերվել է հայ-իրանական սահմանի «Մեղրի» սահմանային անցակետում և ձերբակալվել։ Պարզվել է, որ վերջինս, նախնական համաձայնության գալով ԻԻՀ մեկ այլ քաղաքացու հետ, փորձել է թմրամիջոցով ծանրոցն արտահանել Հայաստանից, սակայն ՀՀ ԱԱԾ-ի գործողությունների շնորհիվ դա նրանց չի հաջողվել։

Բ.Զ-ին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է։ Քրեական գործի շրջանակում անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։