Բավ է պառակտվել
02-07-2021 14:16

Թուրքիայի քաղաքացին փորձել է մաքսանենգ ճանապարհով Իրանից Հայաստան ներկրել 97կգ հերոին (տեսանյութ)

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) աշխատակիցները բացահայտել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական խոշոր դեպք, հայտնում է գերատեսչության մամլո ծառայությունը։

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Հարավային մաքսատուն-վարչության աշխատակիցների, ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների, ինչպես նաև Հայաստանի ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ մաքսային հսկողության են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից «Ագարակ» պետական սահմանային անցակետով Հայաստանի Հանրապետություն ժամանած Թուրքիայի Հանրապետության քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը։

Բեռնատարի մաքսային զննման արդյունքում դրա կցորդի տանիքի դիմացի հատվածում թաքցված մետաղական կոնստրուկցիաների միջից հայտնաբերվել են 97կգ ընդհանուր քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 119 հատ փաթեթ՝ փաթեթավորված շագանակագույն ինքնակպչուն ժապավեններով։ Հայտնաբերված թմրամիջոցի շուկայական արժեքը կազմում է 10-11 միլիոն ԱՄՆ դոլար:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է։
Ձեռնարկվել են մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ թմրամիջոցների մաքսանենգության հիշյալ դեպքով ներգրավված անձանց շրջանակը բացահայտելու ուղղությամբ։