2020թ․ փետրվարին Ավստրալիայում բնակվող երեք ազգությունների համայնքները վերջապես միավորեցին ուժերը։ Այսուհետ նրան միասին կպայքարեն հանուն արդարության։
Ավստրալիայի ասորական, հունական և հայկական կազմակերպությունները ապրիլի 24-ին համատեղ երթեր կկազմակերպեն Սիդնեյում և Մելբուրնում, հաղորդում է Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն։
Կազմակերպությունները կոչ են անում իրենց հայրենակիցներին մասնակցել երթին․ այն պետք է ցույց տա Ավստրալիայի վարչապետ Սկոտ Մորիսոնին և կառավարությանը, որ այս ժողովուրդները պառակտված չեն ու համատեղ պայքարում են հանուն ընդհանուր արդարության։
2020-ի փետրվարին երեք ժողովուրդների կազմակերպությունները ստեղծեցին «Արդարության համատեղ նախաձեռնությունը» (Joint Justice Initiative):
Արդյունքը չուշացավ. Ավստրալիայի խորհրդարանի շուրջ 40 անդամ արդեն աջակցություն է հայտնել այս նախաձեռնությանը:
Նշենք, որ արտերկրներում ասորական և հունական (նաև եզդիական՝ այն երկրներում, որտեղ գոյություն ունեն) կազմակերպությունները միշտ մասնակցում են հայ համայնքի ցույցերին: Որոշ հայ հասարակական գործիչներ (օրինակ, Ֆրանսիայում՝ հայտնի լրագրող Արա Թորանյանը) ակտիվորեն հանդես են գալիս ասորիների և հույների ցեղասպանությունների ճանաչման օգտին՝ վաստակելով այս ժողովուրդների խոր հարգանքը և երախտագիտությունը: