Բավ է պառակտվել
01-02-2021 14:59

Մի խումբ քաղաքացիներ չեն կարողացել մեկնել Մոսկվա. ավիաընկերությունն անվճար փոխել է տոմսերը

«Զվարթնոց» օդանավակայանում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մեկնել Ռուսաստանի Դաշնություն, քանի որ կորոնավիրուսային թեստը հանձնել են այնպիսի լաբորատորիայում, որն ընդգրկված չի եղել «Ճամփորդում եմ առանց covid 19-ի» ծրագրի մեջ: Քաղաքացիները խնդրում են «Արմենիա» ավիաընկերությունից հետաձգել դեպի Մոսկվա նախատեսվող թռիչքը, որպեսզի կարողանան թեստը հանձնել ծրագրում ընդգրկված կազմակերպությունում:

«Էս ինչ ղեկավարություն է, տոմսն առել ենք, մուծել ենք, եկել ենք, ասում են՝ թռիչք չկա, բա մեր գումարն ո՞վ է հետ տալու։ Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում ասաց ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներից մեկը։

«Մենք պարտք ենք արել, տոկոսով փող ենք վերցրել, ո՞վ է տալու։ Դե թող իմ տոմսի փողը տան, ես գնամ։ Հայաստանը մնալու՞ տեղ է, սաղ ազգին թալանեցին, սպանեցին, մորթեցին»,- նշեց նա։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ լավ օրից չէ, որ դուրս են գալիս, վատ ապրելու պատճառով են դուրս գալիս։ «Թող այնպիսի պետություն ստեղծեն, այնպիսի ղեկավարություն լինի, որ ժողովուրդը մնա, պահի, ոչ թե գնա ուրիշ երկիր»,- ասաց նա։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ ՌԴ մեկնելու տոմս գնելու համար ստիպված է եղել վաճառել կովը։ «Աշխատանք չկա, ուզում եմ մեկնել արտագնա աշխատանքի, մի հատ կով ունեի, ծախել, տոմս եմ առել։ Ապրելու ելք չկա, ինչ անենք»,- նշեց նա։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ երկու օր առաջ եղել է օդանավակայանում, տեղեկացել պայմանների մասին․ «Ես հարցրել եմ՝ եթե էս թեստը հանձնեմ, պատասխանատվություն կրու՞մ եք, որ ես այդ բացասական թեստով կմեկնեմ Մոսկվա, ասացին՝ այո, պետք է մուծել 15 000 դրամ»,-ասաց նա։

Նշենք, որ «Արմենիա» ավիաընկերությունը ընդառաջել է քաղաքացիների խնդիրներին, անվճար փոխելով տոմսերը:
«Ավիաընկերությունը, ճիշտ է, պարտավոր չի ձեր տոմսերը փոխել, բայց քանի որ շատ եք և խնդիր է առաջացել, միայն առաջին չվերթի համար ավիաընկերությունը պատասխանատվությունը վերցնում է իր վրա, ձեր տոմսերն անվճար փոխում է, որպեսզի դուք ֆինանսական կորուստ չունենաք»,- ասաց ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը: