Բավ է պառակտվել
23-03-2020 15:54

“Վերին Լարս” հսկիչ անցակետը գործում է սահմանափակումներով

“Վերին Լարս” անցակետով բեռնափոխադրումներն իրականացվում են, բայց կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներով, երկուշաբթի լրագրողներին ասել է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում:

Ըստ նրա, Վրաստանի տարածքով բեռների փոխադրման հետ կապված խնդիրներ չկան, միակ սահմանափակումը վրաց իշխանությունների կորոնավիրուսով պայմանավորված որոշումն է որոշ ռեժիմների վերաբերյալ։

“Վրաստանի իշխանությունները որոշ խստացումներ են կատարել բեռների փոխադրման գործընթացում` կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ: Ընթացակարգը տեղադրված է նախարարության կայքում և գործնականում համահունչ է հենց Հայաստանի կողմից կիրառվող պահանջներին”, - ասել է Սիմոնյանը:

Նա նշել է, որ Վրաստանի տարածք ներմուծման հատուկ կարգի համաձայն՝ վարակի բարձր ռիսկ ունեցող երկրներից եկող վարորդը չի կարողանա մուտք գործել այս երկրի տարածք: Արդյունքում, վարորդը կփոխարինվի, գործում է նաև հատուկ ընթացակարգ՝ քարշակի կամ ավտոմեքենայի փոխարինման հնարավորության համար:

Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումներին, ապա, փոխնախարարի խոսքով, դրանք իրականացվում են վերահսկողության ներքո և հատուկ կառույցների ուղեկցությամբ:

“Այս առումով բեռների փոխադրումը որոշ չափով սահմանափակ է, բայց ներկայումս գործում է Վերին Լարսի անցակետը, չնայած կան որոշակի դժվարություններ Վրաստանում կուտակված մեքենաների հետ կապված, որն էլ պայմանավորված էր Վերին Լարսում տեղացած առատ ձնով”:

COVID-19 կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հայաստանի կառավարությունը մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը երկրում հայտարարել է արտակարգ դրություն։

Մարտի 23-ի, ժամը 10։00-ի դրությամբ, Հայաստանում, ընդհանուր առմամբ, հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակվածության 194 դեպք։

Վարակվածների թվում են Իրանից և Իտալիայից ժամանած Հայաստանի քաղաքացիներ (Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ), նրանց հետ շփման մեջ եղած անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած մեկ անձ։ Առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսով հիվանդացած երկու մարդ։