Բավ է պառակտվել
07-02-2022 16:10

Ադրբեջանից վերադարձած 8 գերիներից չորսը Շիրակի մարզի բնակիչ են․ մարզպետ

Ադրբեջանից Հայրենիք վերադարձած 8 գերիներից չորսը ՀՀ Շիրակի մարզի բնակիչ են։ Այս մասին գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում։

«Գերեվարված ութ մեր հայրենակից վերադարձվել է Հայաստան. օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց:Քիչ հետո տղաները կանցնեն բժշկական հետազոտություն եւ կապ կհաստատեմ նաև ընտանիքի անդամների հետ»,- նշել է նա:

Նա նշել է Շիրակի մարզի վերադարձված բնակիչների անունները․ նրանք են՝ Տարզյան Սարգիս, Բալայան Վարդգես, Պետրոսյան Արմեն, Բաբայան Արթուր, Սարգսյան Հմայակ, Գալոյան Գուրգեն, Կյուրեղյան Գրիգոր, Մալոյան Վաղարշակ։

Մարզպետը հատուկ շներհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնին և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելին, ինչպես նաև տեղական գերատեսչություններին և միջազգային գործընկերներին այս հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու համար։

Հայաստանի արտգործնախարարությունը երկուշաբթի օրը հայտարարեց Ադրբեջանից ութ հայ ռազմագերուն հայրենիք վերադարձնելու մասին։ Դա հնարավոր է դարձել փետրվարի 4-ին Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ անցկացված առցանց հանդիպման արդյունքում։

Մակրոնի և Միշելի հետ տեսակոնֆերանսին մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նշվել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպումից հետո ձեռք բերված առաջընթացը, հատկապես՝ բանտարկյալների ազատ արձակման և անհայտ կորածների որոնման ուղղությամբ շարունակվող համատեղ ջանքերի առումով։

Միջադեպեր հայ-ադրբեջանական սահմանին

Հայաստանի՝ Ադրբեջանին սահմանակից մարզերում (Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում) մայիսի 12-ից ադրբեջանական զինուժի ստորաբաժանումներն ապօրինի հատել են ՀՀ պետական ​​սահմանը «սահմանների ճշգրտման» պատրվակով և մինչ օրս գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։

Մայիսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հայելային եղանակով հետ քաշել կողմերի զորամասերը ելման դիրքեր, Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար հատվածի շփման գծի երկայնքով տեղակայել ռուս սահմանապահների։ Դրանից հետո, ըստ իր պլանի, կարելի կլինի սկսել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները։

Նոյեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածներից մեկում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները զրահատեխնիկայի օգնությամբ խորացան Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչի արդյունքում հայկական զինված ուժերի չորս մարտական ​​դիրք հայտնվեցրջափակման մեջ։ Բանակցություններից հետո ադրբեջանական զորքերը լքեցին Հայաստանի տարածքը, իսկ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները դուրս բերվեցին վերը նշված չորս մարտական ​​դիրքից։

Սակայն նոյեմբերի 16-ին Ադրբեջանը կրկին հարձակվեց հայկական դիրքերի վրա արևելյան ուղղությամբ՝ կիրառելով հրետանի և զրահատեխնիկա։ Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հակառակորդն ունի մինչև 70 սպանված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ։ Հայկական կողմն ունի 6 սպանված. Չճշտված տեղեկությունների համաձայն՝ 32 հայ զինծառայող գերության մեջ է։ Նույն օրը երեկոյան կրակը դադարեցվեց ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությամբ։

Դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանից Երևան է վերադարձել 10 հայ գերի, դեկտեմբերի 19-ին ևս 10 ռազմագերի է վերադարձել Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ ։

Երևանը միջազգային հանրությունից պահանջում է համարժեք արձագանք տալ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության՝ ուղղված Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և տարածաշրջանային անվտանգության դեմ, որը նաև հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին։